Այս երկու օրերին արված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսային ձեւավորումը շատ է տպավորել և քննարկման առարկա դարձել։ Պարզվում է՝ այս գործում մեծ ներդրում ունի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, իսկ մտահղացման հեղինակն ու իրակացնողը C-squared թիմն է:
Ընդ որում այս թիմը նման ծրագիր ցանկանում էր իրականացնել դեռեւս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին: Տարիներ առաջ սակայն այն չի հաջողվել իրագործել։ Սակայն այս անգամ նախագիծը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն և հավանության արժանացել։
C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեծ հպարտությամբ ու խոնարհումով կյանքի կոչեցինք մեր գաղափարը` աշխատելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախագծի վրա: Երախտագիտությունս եմ հայտնում մեր թիմին և այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված էին այս նախագծում:
Հատուկ շնորհակալություն Karen Var-ին հիանալի գաղափարի համար»։
C-squared-ի էջում նաև նշվում է․ «Մտահղացումը վերջապես իրականացվեց, խառնվել էին բոլոր զգացողությունները. պատասխանատվություն աշխարհի բոլոր հայերի նկատմամբ, ապրիլքսանչորսյան տխրություն ու միջավայրի խորհրդավորություն: Շնորհակալություն մեր ողջ թիմին ու գործընկերներին նվիրումի ու քրտնաջան աշխատանքի համար»։