2019 թվականից Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են Քաղաքացու օրը: Սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:
ArmLur.am-ը դեռ ապրիլի 3-ին գրել էր, որ Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքները։ Բանն այն է, որ փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ էին համարվել, եւ կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։
Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն: Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաեւ այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով, քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ: