
Երևանի քաղաքապետարանը որոշել է ազատել վարձավճարների և կառուցապատման վճարների չվճարման հետևանքով առաջացած տույժերի վճարման պարտականությունից։ Համապատասխան որոշումը ընդգրկված է Երևանի ավագանու՝ ապրիլի 28-ին կայանալիք նիստում։
Մասնավորապես․ նախագծով ամրագրվում է, որ Երևանի քաղաքապետարանի և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձակալի ու կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից, համապատասխանաբար վարձավճարների և կառուցապատման վճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա տույժը (տուգանքը) կսահմանվի 0%:
Միևնույն ժամանակ չվճարված վարձավճարների ու կառուցապատման վճարների վճարման վերջնաժամկետ կսահմանվի 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և վերջինով պայմանավորված տնտեսական գործունեությունների արգելքը, անհրաժեշտություն է առաջացել թեթևացնելու վարձակալության և կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող սուբյեկտների ֆինանսական բեռը: