Ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից հետո տարբեր պաշտոններ ստացան երկար տարիներ Ոստիկանության, և առհասարակ իրավապահ համակարգում աշխատած անձինք։ Այս պատկերն առավել ցայտուն է Երևանի քաղաքապետարանում։ Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում պաշտոններ ստացան իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատած պաշտոնյաները։ Իսկ ովքեր են նրանք․
Աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն իր պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
Նրա տեղակալ Վահան Խանզադյանն այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերից։ Մինչ այդ նա աշխատել է դատախազության և ոստիկանության համակարգերում։
Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից, մինչ այդ՝ մեկ տարի եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ այդ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ոստիկանություն եւ ՊԵԿ-ում՝ կատարելով ավագ հետաքննիչի, մաքսային տեսուչի աշխատանքներ։
Իսկ Վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել է 2019 թվականի ապրիլին, մինչ այդ 2018 թվականից ժամանակավոր պաշտոնակատար էր։ Արթուր Ավետիսյանը պաշտոններ է զբաղեցրել Ոստիկանության համակարգում եւ Քննչական կոմիտեում։ Նա զբաղեցրել է օրինակ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզային քննչական վարչության պետը։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը եղել է Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալը, 2016 թվականից աշխատել է որպես փաստաբան, իսկ 2018 թվականից քաղաքապետարանում է։
Ներքին աուդիտի բաժնի ղեկավար Արթուր Վարդանյանն ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում։ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում աշխատել է որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։
Սակայն այսքանով քաղաքային իշխանության մեջ առկա իրավապահ համակարգի ներկայացուցիչների շրջանակը չի սահմանափակվում։ Նկատենք, որ այժմ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։ Ստացվում է՝ նա ոստիկանական համակարգից եկավ քաղաքային իշխանություն, ապա վերադարձավ հայրենի համակարգ։
2018 թվականի դեկտեմբերին Ավան վարչական շրջանի ղեկավար նշանակված Արա Դանիելյանը 2004-2010թթ. ծառայել է որպես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, իսկ 2013-2014թ. աշխատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը 1997-2008 թթ. աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2008 -2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018 թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա նշանակվել վարչական շրջանի ղեկավար։
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերում:
Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Կարեն Բաթոյանը 2000 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ստորաբաժանումներում:
Իսկ Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը 2009-2014թթ. ծառայել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում՝ որպես ֆինանսական բաժնի պետ: 2014-2015թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում՝ որպես գնումների բաժնի պետ: 2015թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ փոխգնդապետ զինվորական կոչումով:
Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սևակ Միլիտոնյանը 1998-2018թթ. աշխատել է ՀՀ ՆԳ համակարգում` որպես տեսուչ, այնուհետև` ավագ տեսուչ, հկհ ավագ տեսուչ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:
Ունի ոստիկանության գնդապետի կոչում:
Հետաքրքիր է՝ ինչու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքային իշխանությունում պաշտոններ տվել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Արդյոք վերջիններս հոգնել էին իրենց աշխատանքից, թե քաղաքապետն է այսպես իրեն ապահով զգում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան