Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթիկ համայնքում վարակված անձը եղել է տաքսու վարորդ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաքսու վարորդը Մարալիկ համայնքից ուղևորներ է տեղափոխել և ամենայն հավանականությամբ այնտեղից բերել է վարակը համայնք։ Նա 65 տարեկան է, ունի մեծ ընտանիք։ Մենք տեղեկացանք, որ նրա հարսը հղի է, ում ևս պետք է թեստավորեն։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` 65-ամյա տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է, նրան գիշերն են տեղափոխել հիվանդանոց, որից հետո կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս պահին կատարվում են աշխատանքներ վերջինիս շփման շրջանակը պարզելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք:
Լիդա Եղիազարյան