ԲՀԿ-ական պատգամավորի հայրը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվեց․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը։

Առուստամյանին ձերբակալել էին ապրիլի 23-ին, որից հետո պաշտպանը բողոքարկել էր որոշումը։ «Դատարանը բավարարեց մեր բողոքը և ճանաչեց ձերբակալությունը ոչ իրավաչափ, դրան զուգահեռ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան կարանավորելու երկու ամսով։ Այն հիմքով, որ բավարարվել էր մեր բողոքը, մի կետ կար, որ չէր կարող բավարարվեր քննիչի միջնորդությունը, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է։ Բացարձակ իրավաբանություն չկա այս ամենի մեջ», – նշեց պաշտպանը, հավելելով, որ շարունակելու են իրենց պայքարը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանն անցնում է ևս երկու քրգործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

Հավելենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս