ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բացառիկ դասընթացներ» Վարդենիսի քաղաքապետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ից Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը դարձել է կորոնավարակի բռնկման նոր օջախ: Համենայնդեպս, հայտնի բժշկուհու թեստի արդյունքներն այդ օրն են եկել ու դրանից օրեր անց քաղաքի մուտքն ու ելքը Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փակվեց:

Այս ընթացքում, ինչպես ակնկալվում էր, ողջ երկրի ուշադրությունը սեւեռվեց հենց Վարդենիսի վրա ու բնական էր, որ լրագրողական հետաքրքրությունը որոշ մասով շրջվեց դեպի հեռավոր քաղաք: Բայց պարզվում է` այս փաստը նյարդայնացրել է Վարդենիսի սպորտսմեն քաղաքապետին: Նա փոխանակ գլուխը կախ իր գործով զբաղվի, որոշել է առավել շատ լեզուն աշխատեցնել ու այնպիսի գործառույթներ ստանձնել, որոնք իր ֆունկցիաներից դուրս են: Նա լրատվամիջոցներին է կոչով դիմել` ասելով. «արգելի լրատվամիջոցներ. մեր շտաբը զբաղված է էլ ավելի կարեւոր հարցերով… այլ ոչ թե պատասխանել ձեր զանգերին: Ոչ վաղ անցյալում մի շարք լրագրողներ, որ հայտնում էին, թե ցանկացած ծանր պահին ձեր կողքին ենք լինելու, ցավոք, ապրիլի 17-ից սկսած ոչ մի լրագրող Վարդենիս չի մտել… Նստեք ձեր շքեղ տնակներում եւ եղեք առողջ»:

Նկատեցիք` կարճ պարբերության մեջ քանի սխալ է միանգամից արել երիտասարդ քաղաքապետը: Բայց միայն երկուսին կանդրադառնանք` նա հանդգնում է ասել, թե ավելի կարեւոր գործեր ունի անելու,  քան լրագրողների զանգերին պատասխանելը: Իհարկե, նա մեղավոր չէ, որ չի կարդացել, տեղյակ չէ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին` համաձայն որի ինքը ՊԱՐՏԱՎՈՐ է պատասխանել լրատվամիջոցների բոլոր հարցերին: Հուսանք` էլ այդպիսի սխալ չի անի, կարդալ կսովորի, քանի դեռ շատ ուշ չէ:

Բացի այդ, լրագրողները պարտավոր չեն լինել Վարդենիսում, քանի որ լրագրողի առաքելությունը` համաձայն Զանգվածային Լրատվության մասին ՀՀ օրենքի, տեղեկություն հավաքելը, մշակելն ու տարածելն է: Իսկ թե ինչպես կհավաքի, դա քաղաքապետի եւ ընդհանրապես որեւէ մեկի գործը չէ: Հետեւաբար` լրագրողները Վարդենիսում լինելու պարտավորություն չունեն: Նրանք կարող են նյութեր գրել, վիդեո եւ ֆոտո ունենալ նաեւ այնտեղ չհասնելով: Սա ի գիտություն: Թեեւ այս պահին էլ Վարդենիսում շատ լրագրողներ կան:

Ինչպես երեւում է, քաղաքապետը լավ չի հասկացել Պարետի որոշումը. այն է` փակել Վարդենիս քաղաքի մուտքն ու ելքը, հետեւաբար որեւէ լրագրող, որեւէ քաղաքացի, անգամ քաղաքապետի ծանոթ բարեկամն իրավունք չունի մտնել Վարդենիս: Եթե մինչ այս այդպես է եղել` ազատ ելումուտով, ուրեմն Պարետն անելիք ունի Վարդենիսում:

Եւ մի բան էլ` եթե Վարդենիսի քաղաքապետն այդքան մտահոգ է իր քաղաքի բնակիչների առողջությամբ, ապա զանգվածային միջոցառումներ չէր կազմակերպի, մարդաշատ միջավայր չէր ձեւավորի: Բերենք մեկ օրինակ` ապրիլի 16-ին առանց դիմակի ու ձեռնոցի Արամը ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցների մոտ էր գնացել` շնորհավորելու եւ նրանց առողջությունը ռիսկի տակ դնելու: Սա նշանակում է, որ Արտակարգ դրության կանոնները խախտել է հենց Արամ Մելքոնյանը եւ ակնկալում ենք, որ նույն ոստիկանությունը խեղճուկրակ գյուղացիներին պարետատան կանոնները խախտելու համար 100 հազար դրամ տուգանելու փոխարեն, քաղաքապետին եւս կտուգանի:

Եւ վերջում` ակնկալում ենք, որ քաղաքապետը ներողություն կխնդրի իր հանդգնության համար, կասի, որ սխալվել է, որ ՀՀ օրենսդրությունը կարդալ չի իմացել: Մարդ ես, բոլորն էլ ինչ որ մի օր սկսում են տառաճանաչ դառնալ:

Բայց մենք ստիպված կլինենք առաջիկայում խմբով գնալ Վարդենիս, տեղում նախ ծանոթանալու մեզ հոխորտացողի հետ, ինչպես նաեւ բացահայտելու, ճի՞շտ են լուրերը, որ համայնքի ղեկավարի ծառայողական մեքենայով նրա եղբայրը ձկնգողություն է անում Սեւանա լճից, ճի՞շտ են լուրերը, որ քաղաքապետը մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորությամբ մի շարք քաղաքացիների ու ընկերությունների աշխատեցրել է, բայց գումարները չի վճարել, անորակ շինաշխատանքներ են կատարվել, ճի՞շտ են լուրերը, որ մաղարիչով գործը ընդունվելը դեռ ավանդույթ է Վարդենիսում եւ այսպես շարունակ: Ասելիք ու անելիք շատ կա: Կգանք… սպասեք մեզ։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Մելքոնյանին նյարդայնացրել են մի շարք հրապարակումներ, որոնք արել են ստորև ներկայացված լրատվամիջոցների վարդենիսցի լրագրողները, օրինակ Ժողովուրդ օրաթերթ Սոնա Գրիգորյան, Armlur.am լրատվական կայք Նաիրա Հովհաննիսյան, լրագրող Լիլիթ Շաբոյան, Armdaily.am լրատվական կայք Արմինե Նավոյան, Նոր Հայաստան հեռուստաընկերություն Լիլիթ Բոխյան և այլք։
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս