ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր իշխանության հին կադրերը. մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր  ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝  Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռեւս շատ են, ինչպես ինքը ձեւակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռեւս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։ Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են այդպիսին նաեւ մինչեւ հեղափոխությունը։

Այսպիսով, նախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ. Նրանք են՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Այսպիսով, արդյոք խոսքը նրա՞նց մասին է, թե՞, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին։

Նախորդ անգամ ArmLur.am-ը ուսումնասիրել էր, թե վերը նշված կառույցներում նախարարների տեղակալներն արդյոք հին իշխանության կադրերն են, թե ոչ։ Այս անգամ կանդրադառնանք մյուս նախարարություններին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ունի երեք տեղակալ։ Նրանցից Գեմաֆին Գասպարյանը մինչև այժմ գիտամշակութային հիմնադրամի ղեկավար է եղել, իսկ մինչ այդ էլ մեկ տարի աշխատել Էկոնոմիկայի նախարարությունում՝ 2009-2010 թվականներին։ Սմբատ Սաիյանն ամենահին կադրերից է, նա 2000 թվականից աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, իսկ փոխնախարար է նշանակվել 2017 թվականին՝ մինչեւ թավշյա հեղափոխությունը։ Իսկ ահա Արման Ուդումյանը նախարարի տեղակալի պաշտոնւ զբաղեցնում է 2018 թվականի հունիսից։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալները չորսն են։ Նրանցից Շավարշ Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնել է 2019 թվականի նոյեմբերին, իսկ մինչ այդ եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը։ Անահիտ Ավանեսյանը փոխնախարար է նշանակվել 2018 թվականին, իսկ մինչ այդ տարբեր ընկերություններում է աշխատել։ Լենա Նանուշյանը 2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող: Իսկ մյուս տեղակալ Արտյոմ Սմբատյանն իր պաշտոնը ստանձնել է 2019 թվականի դեկտեմբերին։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը, Սրբուհի Գալյանը, Քրիստինո Գրիգորյանն ու Վահե Դանիելյանը հեղափոխությունից հետո են ստանձնել իրենց պաշտոնները, սակայն նրանցից մի քանիսը ունեն պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ։

ՀՀ արտաքին գործերի նախարարներից Շավարշ Քոչարյանն ամենաերկարակյացներից է՝ 2008 թվականից նշանակված է այդ պաշտոնին։ Չնայած Արտակ Ապիտոնյանն իր պաշտոնը ստանձնել է հեղափոխությունից հետո, սակայն մինչ այդ աշխատել է որպես դեսպան՝ մի քանի երկրներում։ Ավետ Ադոնցը ևս երկար տարիներ դեսպան է աշխատել և նրա նշանակումը փոխնախարարի պաշտոնում նույնիսկ զարմացրել էր շատերին։ Գրիգոր Հովհաննիսյանն էլ վերջին երկու տարիներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մաս 1-ին-ը՝ այստեղ




Լրահոս