Այսօր՝ ապրիլի 27-ին, անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը: Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել: Նա նշել էր, թե Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրի։
Համացանցում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են խնդիրների մասին։ Մասնավորապես, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է, թե դիմել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանին, որպեսզի իմանա՝ երբ է անցկացվելու, որ ժամին և որտեղ։ Սակայն Վահե Խաչատրյանն ասել է, թե ավագանու անդամը կարող է որպես դիտորդ մասնակցել: Եվ ահա այսօր պարզվել է, որ հանձնաժողովի մեջ կան ավագանու անդամներ։
Մասնավորապես, հանձնաժողովի կազմում են «Իմ քայլ»-ի երկու ավագանու անդամ՝ Սաթենիկ Մկրտչյանը և Էդուարդ Ավետիսյանը: Հանձնաժողովի կազմի մեջ է նաև Հասարակական կարգի պահպանման վարչության ղեկավարը․ նա հանձնաժողովի նախագահն է։
Հավելենք, որ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին մասնակցում է 6 անձ։