Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․
«Ընդ որում, փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճեններ (երեխայի ծննդյան վկայական` անկախ երեխայի ծննդյան տարեթվից, ամուսնության վկայական, հայրություն ճանաչելու վկայական, երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ) կցվում են, ինչպես նաև ծննդյան վկայականի տվյալներ լրացվում են միայն այն դեպքերում, եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, դիմում է երեխայի խնամակալը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների հիման վրա Հայաստանում ծնված երեխան և դիմող ծնողը չեն նույնականացվել և այդ հիմքով մերժվել է նախկինում ներկայացված դիմումը:
Վերացել է նաև հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների և ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու՝ նախկինում սահմանված պահանջը:
Բացի այդ՝ վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի և ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու՝ նախկինում սահմանված պահանջը:
Այսուհետ՝ միջոցառման իմաստով ընտանիքը կարող է շահառու դառնալ, եթե 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխան գտնվել են Հայաստանի վարչական տարածքում:
Վերացվել է նաև երեխայի և դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Դիմումների պարզեցված համակարգի միջոցով կիրականացվի միայն դիմող ծնողի կամ խնամակալի՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների նույնականացում:
Հիշեցնենք, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ընդլայնվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառուների ցանկը. Այսուհետ, միջոցառման շահառու են նաև խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում, կամ այն ծնողը, ում գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում:
Նշենք նաև, որ եթե նախկինում ներկայացված դիմումը մերժվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների հիման վրա ՀՀ-ում ծնված և գրանցված երեխայի և դիմող ծնողի տվյալների չնույնականացման հիմքով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նոր դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները՝ (երեխայի ծննդյան վկայական` անկախ երեխայի ծննդյան տարեթվից, ամուսնության վկայական, հայրություն ճանաչելու վկայական, երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ):
Եթե նախկինում ներկայացված դիմումը հաստատվել է, սակայն շահառուն վճարման ցուցակ է ընդգրվել ընտանիքում առկա մինչև 18 տարեկան ոչ բոլոր երեխաների համար, ապա հարկավոր է նոր դիմում լրացնել, քանի որ երեխաների վերաբերյալ տվյանելրի բազան թարմացվել է:
Եթե դիմումը մերժվում է ծնողի՝ աշխատելու փաստով պայմանավորված, ապա հարկային մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծնողը (ծնողները) գրանցված աշխատող է կամ ունի անհատ ձեռնարկատիրոջ գործող կարգավիճակ: Տվյալ դեպքում անձը չի կարող համարվել միջոցառման շահառու, բացառությամբ այն դեպքի, երբ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:
Բոլոր դեպքերում բանկին վճարման ցուցակը և վճարման գումարը փոխանցելու օրը online.ssa.am կայքում հրապարակվում են վճարման ցուցակներում ներառված շահառուները:
Բոլոր դեպքերում, երբ ներկայացված դիմումը չի մերժվում, տվյալների մշակումն կիրականացվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Չմերժված դիմումի գրանցումից հետո կրկին դիմում մուտքագրելու կամ այլ եղանակով (այլ հարթակներով դիմում-հարցումի միջոցով) տեղեկատվություն ստանալու անհրաժետություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ: