Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում վերջերս աշխատանքի է անցել տարիներ առաջ կաշառք ստանալու համար մեղավոր ճանաչված Արամայիս Ավետիսյանը, ընդ որում՝ բավական հետաքրքիր հանգամանքներով։
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը: Ըստ նախաքննությւունը իրականացնող մարմնի` Ավետիսյանի լինելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետն 2016թ. հոկտեմբերի 27-ին Ն. Շենգավիթի 6-րդ փող. թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու պատրվակով, Սուրեն Ղևոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսական մասի և սպասարկման անձնակազմի ղեկավարի միջոցով պահանջել և վերջինիցս ստացել է 800 հազար դրամ: Այս արարքի համար նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ի դեպ, 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի միջնորդությամբ Արամայիս Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Սակայն դատարանում գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը Արամայիս Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել նշված հոդվածով: Սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 1 տարի ժամկետով: Արդյունքում Արամայիս Ավետիսյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել: Իսկ արդեն 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ աչքի էր ընկել նրա եղբայրը՝ Գուրգեն Ավետիսյանը՝ փորձելով խոչընդոտել «Ելք» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Աջափնյակում։ Եվ ահա, այսքանից հետո Արամայիս Ավետիսյանն աշխատանքի է անցել Աջափնյակ վարչական շրջանում։ Ճիշտ է՝ նա ունի միայն տեսուչի հաստիք, սակայն դատելով իրավիճակից չի բացառվում, որ առաջիկայում նա պաշտոնում առաջխաղացում ունենա։
Ընդ որում, մեր տեղեկություններով, Ավետիսյանի՝ աշխատանքի անցնելու հարցում մեծ դերակատարում է ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, որն Ավետիսյանի հարցով անձամբ է միջնորդել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանին, վերջինս էլ չի կարողացել մերժել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան