Ադրբեջանցիները կտրուկ ավելացրել են Արցախի Հանրապետության սուվերեն տարածքի գնդակոծությունները։ Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց-կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Բորիս Նավասարդյանի հետ։
«Ամեն ինչ հնարավոր է, բայց հավանականությունը, որ կտրուկ գործողության կդիմեն, ցածր է։Հաշվի առնելով, որ այս կորոնավիրուսային պայմաններում բոլոր ռեսուրսները համավարակի տարածման դեմ են կենտրոնացված և ակտիվ գործողությունները դժվար եմ պատկերացնում: Տվյալ ժամանակահատվածում նոր պատերազմական գործողություններ հրահրել չեմ կարծում, որ քիչ, թե շատ լուրջ և պատասխանատու ղեկավարության համար ընդունելի քայլ կլինի»,-նշեց նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հնարավոր է, որ հակառակորդը նման գործողություններով փորձում է քաղաքական, դիվանագիտական ճնշումների ենթարկել։
Մեր այն հարցին` հնարավո՞ր է ադրբեջանական զորքի տեղաշարժը, սահմանային կուտակումները պայմանավորված լինեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների հետ։
Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Եվ այս վերջին օրերի զրույցները հակամարտության հաղթահարման թեմայով նրանք կարող էին դրա համար հիմքեր ստեղծել։ Լավրովի հայտարարությունը կարող էր այդ գործոններից մեկը լիներ, որը ենթադրվում է նաև ռազմական տեսքով ամրագրում՝ խնդիրը պետք է լուծում ստանա, դրա համար կոնկրետ քայլեր են պետք, և որպես փաստարկ` Ադրբեջանը կարող է օգտագործել նաև այս կամ այն ուժային, նախապատրաստական գործողությունների տեսքով։
Դա կարող է կապված լինել նաև Ադրբեջանի ներքին խնդիրների հետ, քանի որ նավթի գինը նվազում է, և մեծ կորուստներ են ունենում, որը նաև արտացոլվում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքացիների եկամուտների վրա, և այս պայմաններում քաղաքական նպատակներ հրամցնել և նվազեցնել հնարավոր սոցիալական դժգոհությունները` նույնպես հնարավոր են»,-մեզ հետ զրույցում ամփոփեց Բորիս Նավասարդյանը։
Լիդա Եղիազարյան