«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը:
– Պարոն Մարկոս, բոլորին հայտնի է, որ նախորդ իշխանությունները մեծ վնաս են հասցրել ձեզ: Ի՞նչն էր պատճառը։ Չէ՞ որ դուք ժամանակին շատ մեծ օգնություն եք ցուցաբերել Հայաստանին և Արցախին:
– Արցախի պաշտպանության ժամանակ այո օժանդակություն ցուցաբերել եմ և այդ մասին քաջ գիտեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Անկախ նրանց երախտամոռ պահվածքից, չեմ փոշմանել: Մեծ վնասներ եմ կրել, թե նյութական և թե բարոյական: Նյութական վնասը չափելի է, իսկ բարոյական վնասը անչափելի և անդառնալի: Ինձ հետ կապված այս դեպքին տեղյակ շատ հայրենակիցներ խուսափեցին ներդրումներ կատարել Հայաստանում: Չէ, որ իրենց աչքի առաջ է և իմ վերաբերմունքն ու աջակցությունը երկրիս և երկիրս զավթած որոշ չինովնիկների պատասխանը ինձ:
– Ինչի՞ց է առաջացել վեճը: Ո՞րն էր պատճառը:
– Վեճը հիմնականում առաջացել է Կրեդիտ Երևան բանկի հետ կապված գործարքից, որի մեջ ես հայտնվեցի Մարտին Հովհաննիսյանի կազմակերպմամբ: Պատմությունը հետագայում ցույց է տալու, որ Մարտին Հովհաննիսյանը սերտ կապված էր Սերժ Սարգսյանի հետ: Պատմությունը հետագայում ապացուցելու է, որ Կրեդիտ Երևան բանկը սնանկացրած Մարտին Հովհաննիսյանը նախկին իշխանությունների հովանավորությամբ որևէ պատասխանատվություն չկրեց: Ամեն ինչ արեցին, որ ես դառնամ Կրեդիտ Երևանի բաժնետեր: Նպատակը մեկն էր իմ հաշվին թալանված բանկը վերականգնելն էր: Հետաքրքիր մի քանի փաստ: 2000թ. կենտրոնական բանկը ստուգել էր Կրեդիտ Երևան բանկը և լուրջ խախտումներ էր արձանագրել, որոնց դեպքում ԿԲ-ն պարտավոր էր սնանկության գործընթաց սկսել: Մինդեռ, երբ բանկի 50 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման համար համաձայնություն ստանալու նպատակով դիմել եմ կենտրոնական բանկին, վերջինս փոխանակ մերժեր համաձայնություն տալը այն հիմքով, որ բանկը սնանկ է, որոշում է կայացրել համաձայնություն տալու մասին:
– Այսինքն, կենտրոնական բա՞նկն է մեղավոր:
– Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան:
– Բայց դուք պայմանավորվե՞լ էիք բանկ բերել 5 միլիոն 6 հարյուր հազար դոլար և հետո հրաժարվել եք այդ գումարը բերել:
– Նախ մինչև այդ 5,6 մլն. ԱՄՆ դոլար բերելը ես շատ գումարներ եմ ուղարկել բանկ: Վերջին վճարումը կատարել եմ 3,6 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինձ կենտրոնական բանկը հավաստիացրել էր, որ եթե 5,6 մլն. ԱՄՆ դոլար գումար ուղարկեմ բանկը կառողջանա: Իհարկե ես արդեն մեծ գումարներ էի կորցրել և բնական է, որ պետք է համաձայնվեի այդ գումարը փոխանցել: Կենտրոնական բանկն էլ իր հերթին խոստացել էր բանկից տարված շատ ակտիվներ վերադարձնել: Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա Ինտերմոթոր Արմենիա փակ բաժնետիրական ընկերության մոտ 6 մլն. ԱՄՆ դոլարի պարտքը Կրեդիտ Երևան բանկի հանդեպ փոխանցվել է Ինտերմոթոր Երևան ՍՊ ընկերությանը, մի ընկերության, որը որևէ գույք չունի: Նախ այդ Ինտերմոթոր Արմենիա ընկերությունը Երևանի Մասիվում գտնվող Մերսեդես Բենցի սերվիսն էր, իսկ այդ կազմակերպության փայատերերց մեկը Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էր՝ կիպրական ընկերության միջոցով: Այդ գործարքը իմ տեղեկությամբ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ է կատարվել: Պատկերացնում եք ինչ է տեղի ունեցել: Կենտրոնական բանկն ինձ ասում է 5,6 մլն. ԱՄՆ դոլար գումար բեր բանկ, որ առողջանա, իսկ կենտրոնական բանկը Կրեդիտ Երևան բանկին զրկում է 6 մլն. դոլար ստանալու հնարավորությունից: Պարզ չի՞, որ արդեն իմ կողմից 5,6 մլն. ԱՄՆ դոլար գումար բերելը, որևէ կերպ չէր օգնի բանկին:
– Այդ պատճառո՞վ է կենտրոնական բանկը դիմել դատարան ընդդեմ ձեզ:
– Իմ ներկայացուցիչները 2002թ. օգստոսին կենտրոնական բանկի հետ բանակցությունների արդյունքում պայմանագիր ստորագրեցին, որով ես պետք է այդ 5,6 մլն. ԱՄՆ դոլարը 2 ամսվա ընթացքում փոխանցեի բանկ, իսկ կենտրոնական բանկն էլ մի քանի հարց լուծեր, այդ թվում՝ Ինտերմոթոր Արմենիա ընկերության պարտքի հարցը: Սա էլ պարզ և փոխադարձ հասկանալի գործարք էր: Եթե 6 մլն. դոլարի կորցրած իրավունքը վերականգնվում էր, իմ կողմից բերվող 5,6 մլն. ԱՄՆ դոլարի հետ միասին շանս կար, որ բանկը կառողջանար: Սակայն Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն. դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն. դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկը նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին:
– Ձեր գույքերն այդ վճռի հիման վրա՞ են աճուրդով վաճառել:
– Այո: Դա մի առանձին հարցազրույցի նյութ է, բայց կարճ պատասխանեմ, որպեսզի պատկերացնեք: Ինձանից բռնագանձել են հետևյալ գույքերը ընդամենը 3 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց: Ըստ վճռի ԿԲ-ն դեռ 2,5 մլն. դոլարի պահանջ ունի իմ նկատմամբ: Իմ գույքերն են, կնշեմ այնպես ինչպես ժողովուրդն է ճանաչում և նաև գնորդներին՝ Երևանի Ձերժինսկի գործարանի իմ բաժնետոմսերը (Արմեն Մխիթարյան, աղվանցիների Մխիկ), Մասիվի Շուկան (Սամվել Ալեքսանյան), Փակ կամ Պրոսպեկտի շուկան (Ծառուկյան Գագիկ, վերավաճառել է Ս. Ալեքսանյան), Գումի շուկան (Ծառուկյան Գագիկ, վերավաճառել է Գագիկ Բեգլարյան), Աշտարակի Վանա Լիճ ռեստորանային համալիր (պաշտպանության նախարարություն, վերավաճառել է Վաչագան Ղազարյանին` Սերժի Վաչոյին), Քիմռեակտիվ գործարան և ուրիշ շատ բաժնեմասեր և գույքեր: Որպես օրինակ, Ձերժինսկի գործարանի իմ բաժնետոմսերը, որը գնահատված էր մոտ 3 մլն. ԱՄՆ դոլար, հարկադիր կատարման ծառայության կողմից գնահատվել է մոտ 90.000 ԱՄՆ դոլար և աճուրդով վաճառվել էր մոտ 350.000 ԱՄՆ դոլարով:
– Հարուցված քրեական գործով ձեր նշած հարցերը ստուգվո՞ւմ են:
– Այո: Ես քրեական գործով ներկայացրել եմ նաև քաղհայց, որպեսզի այս անձանցից բռնագանձվի ինձ պատճառված վնասը՝ գույքերը վերադարձնելու (շուկայական արժեքները հատուցելու) և կրած վնասները (այդ թվում՝ բաց թողնված օգուտը) հատուցելու միջոցով: Քրեական գործը հիմա դանդաղ է ընթանում: Հասկանում եմ փորձաքննություններ, բանկային գաղտնիքի հետ կապված որոշ դժվարություններ, համավարակ, բայց հուսով եմ հատուկ քննչական ծառայությունը կվերականգնի իմ հավատը հայրենի իշխանավորի նկատմամբ:
Լիդա Եղիազարյան