Խոշոր չափերի կաշառք ստացած նախկին պաշտոնյան Գագիկ Խաչատրյա՞նն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն այսօր հայտարարել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ չափերի կաշառք տալու գործի մասին, որը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին սուպերնախարար, ներկայումս կալանավորված Գագիկ Խաչատրյանին։

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով։

Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր:

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Խաչատրյանը, բացի այդ, նա միակն է, ով ՊԵԿ նախագահի պաշտոնից հետո նշանակվեց ֆինանսների նախարար։




Լրահոս