Մոտեցումը, որը ես եմ առաջարկում հեռուստատեսային լրատվամիջոցների ոլորտը զարգացնելու համար, այլընտրանք չունի․ Բորիս Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը երեկ ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը`ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի, Լիլիթ Մակունցի և իր` Մխիթար Հայրապետյանի կողմից:

Նախաձեռնության և այլ հարցերի շուրջ ArmLur.am-զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

«Թեև մենք աշխատել ենք մեր գործընկերների հետ այդ օրինագծի վրա և հանձնել ենք Ազգային ժողով, սակայն դրանից հետո վերջին մի քանի ամիսներին օրինագծի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք՝ ինչպիսի տեսքով է այն ներկայացվելու։ Իմ հիմնական մոտեցումը, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, նախ՝ որպես երևույթ պետք է հանվեն բոլոր տեսակի մրցույթները, և դրանք իմաստ ունեին միայն այն դեպքում , երբ ունեինք սահմանափակ հնարավորություններ լիցենզիաներ տրամադրելու։

Այսօր տեխնոլոգիական և թվայնացման արդյունքում իրական սահմանափակումներ չկան, և նույնքան քանակով կարող են լինել հեռարձակողներ, որքան ցանկություն կա ընդհանրապես հեռարձակում իրականացնելու, և դրանից բխող ենթադրում էինք, որ պետք է օրենքն ազատականացնի մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման հնարավորությունները, որպեսզի միայն հանրային մուլտիպլեքսը չպահպանի մենաշնորհը և հնարավորություն լինի նաև մասնավոր նախաձեռնությամբ ապահովվել մուտքը շուկա նույնքան, որքան ցանկություններ կան, և որպեսզի ամեն դեպքում երաշխավորվի Հանրային հեռուստաընկերության գործունեությունը, որոնք զուտ հանրային գործառույթներ են իրականացնում, ստեղծվի առանձին սոցիալական փաթեթներ, որի մատչելիությունը հասարակության համար երաշխավորի պետությունը։ Սա էր մեր առաջարկած հայեցակարգը»,-նշեց մեր զրուցակիցը։

Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ՝ նրա և գործընկերների առաջարկած մոտեցումներն այնքան
էլ ընդունելի չեն եղել Ազգային ժողովի կողմից, և դա է պատճառը, որ ստեղծվել է Ազգային ժողովում առանձին աշխատանքային խումբ։

«Եվ այս փուլում իմաստ չուներ մեր ներգրավված լինելը, քանի որ մենք պնդելու էինք մեր հայեցակարգը, նրանք իրենցը, և եթե խորհրդարանում աշխատանքային խմբում կան այլ մոտեցումներ, մենք չէինք հասնի կոմպրոմիսի այս հարցում։ Եվ այն մոտեցումը, որը ես եմ պաշտպանում չունի այլընտրանք, եթե մենք ուզում ենք զարգացնել հեռուստատեսային լրատվամիջոցների ոլորտը։ Ես համարում եմ, որ իմ մասնակցությունն այդ կարգի քննարկումներին իմաստ չուներ»,-հավելեց Բորիս Նավասրդյանը։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս