Այսօր հայտարարություն է տարածել Ucom տնօրենների խորհրդի նախագահ Գուրգե Խաչատրյանը՝ խոսելով իրենց հանդեպ առկա ճնշումների մասին։ «Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը», – ասել է նա։
Նրա այս հայտարարությունից հետո Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները հանդես են գալիս հայտարարություններով՝ խոսելով այդ ճնշուների մասին և դրանք վերագրելով նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Մասնավորապես, «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․
«Հետաքրքիր է… Վերջերս քաղաքապետը երկար դադարից հետո խոսեց քաղաքացիների հետ լայվի միջոցով, որի մեծ մասը անց էր կացվում աղբահանության հիմնարկի նոր շենքի բակից: Լայվի ժամանակ, մեծ հպարտությամբ շեշտեց, որ այն արդեն պատրաստ է: Վստահ եմ` մեր քաղաքացիները կհիշեն և´ այդ շենքի պատմությունը, և´ Տերյան 5-ի հարկայնությունը, և´ կամազները, և´ մնացյալը:
Այսօր Գուրգեն Խաչատրյանը խոսում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց վրա ճնշումներ գործադրելու մասին: Բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կարող է լինել Հայկ Մարությանը: Պրն. Գուրգեն Խաչատրյանը պետք է խոսի և անուններ տա», – գրել է նա։
Այսպիսով, ինչ շենքի մասին է խոսքը։ Խոսքը «Տերյան-5» ՍՊԸ-ին պատկանող շինարարության մասին է։ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող այդ ՍՊԸ-ն կառուցում է Աֆրիկյանների տան տեղում կառուցվող բազմահարկ հյուրանոց՝ «Մարիոթ» ցանցի շրջանակներում։
2015-ից նախատեսվող այդ հյուրանոցը պետք է ունենար 17 հարկ, սակայն Մարությանը եւս 5 վերգետնյա, եւ 1 ստորգետնյա հարկի թույլտվություն է տվել, ինչի դիմաց Խաչատրյանները ոչ թե Կամազ են նվիրել, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար ավտոպարկ և սպասարկման կենտրոն են կառուցում՝ որպես նվեր քաղաքին։
Իսկ իրականությունն այսպիսին է․ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել է շինարարական նախնական առաջադրանքը, այսպես կոչված ԱՊԶ-ն, որտեղ ճիշտ է՝ կա նշված 22 հարկի մասին, բայց դա ընդամենը ճարտարապետաշինարարական առաջադրանք է, որտեղ հատուկ կետով նշված է, որ շենքի հարկայնության հարցին կանդրադառնան այն ժամանակ երբ 11 հարկ կառուցված լինի։ Դա արվել է նրա համար, որ հասկանան՝ այդ միջավայրում արդյոք կտեղավորվի՞ 17 կամ 22 հարկանի շենքը։
Այսինքն՝ երբ 11 հարկը կանգնած լինի հատուկ փորձաքննությունների, մասնագիտական կարծիքների միջոցով անդրադառնալու են հյուրանոցի հետագա ճակատագրին եւ նոր տրամադրվելու է հարկայնությանն առնչվող իրական թույլտվությունը: Եվ ընդամենը նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տրվել է շինարարության թույլտվությունը՝ եւս հինգ վերգետնյա հարկ կառուցելու համար: Եվ Խաչատրյանները 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքակայան են կառուցել Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում:
Նաիրա Հովհաննիսյան