ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկուսացեք ծխից․ խեժը վնասում է ձեզ և հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսի պանդեմիան ստիպում է նորովի նայել սեփական առողջությանը։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված, ավելանում են մարդու առողջությանը սպառնացող նորանոր ռիսկեր, որոնցից մեկը ծխելն է։ Թեև Հայաստանի համար սիգարետը նորամուծություն չէ (չափահաս տղամարդկանց կեսից ավելին ծխում է), այնուամենայնիվ, ինքնամեկուսացման պայմաններում մարդիկ, չունենալով տանից դուրս գալու հնարավորություն, ծխում են հենց տանը։ Հայաստանում մեկ հարկի տակ ապրում են մեծ ընտանիքներ, ինչն այս պարագայում ավելացնում է չծխողների՝ երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը ենթարկվելու ռիսկը։

Ծխելու վնասների մասին գիտեն բոլորը, բայց կան նաև շատ առասպելներ: Գիտնականներն ապացուցել են, որ ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից, այլ սիգարետի ծխից։ Այս հոդվածում և հոլովակում կփորձենք հասկանալ՝ ինչ է խեժը և ինչու է այն վնասակար թե՛ ծխողի, թե՛ երկրորդային ծուխը շնչողի համար, կուսումնասիրենք հիմնական առասպելներն ու մոլորությունները, որոնք կապված են խեժի հետ։

Խեժը սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո: Այն քիմիական հավելում չէ, այլ ուղղակի քաշի չափման միավոր: Խեժը կազմված է մի շարք նյութերից, որոնք մարդու օրգանիզմի համար վտանգավոր են։

Քանի որ խեժն առաջանում է սիգարետի այրումից, շատ բժիշկներ ու առողջապահության փորձագետներ նիկոտինային կախվածության դեպքում խորհուրդ են տալիս սիգարետի փոխարեն օգտագործել այնպիսի արտադրանք, որը առանց այրման է նիկոտինը մատակարարում մարդու օրգանիզմ։ Դեղատներում կարելի է գտնել նիկոտինային մաստակներ (Nicorette, Nicotex, Nicotinell), նիկոտինային սպեղանի (NicoDerm, RunNico, NiQuitIn), որը կպցնում են մաշկին։ Առկա են նաև նիկոտին մատակարարող էլեկտրոնային սարքեր՝ էլեկտրոնային սիգարետ (JUUL, Victory, Revolver), ծխախոտը տաքացնող սարքեր (IQOS, Glo, Nive)։ Եթե դուք կամ ձեր հարազատը ոչ մի կերպ չի կարողանում (կամ չի ցանկանում) հրաժարվել նիկոտինից, կարելի է դիմել այս միջոցների օգնությանը։

Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ սրանցից ոչ մեկը անվտանգ չէ, ու լավագույն տարբերակը նիկոտինից իսպառ հրաժարվելն է։




Լրահոս