Փաշինյանը և Ռոհանին կարևորել են համավարակին դիմակայելու միջազգային և երկկողմ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:




Լրահոս