Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուորդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկրում ֆուտբոլային մրցաշրջանը չի վերսկսվի պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով: Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դիտարկում է ներքին առաջնության մրցաշարային աղյուսակի տեսքը որոշելու 3 տարբերակ, հաղորդում է RMC Sport-ը:
Առաջին տարբերակի դեպքում ակումբների վերջնական դիրքերը կորոշվեն յուրաքանչյուր խաղում հավաքած միավորների միջին հաշվարկով: Երկրորդի դեպքում առաջնությունը կավարտվի թիմերի ներկայիս դիրքերով, իսկ երրորդի դեպքում ` հաշվի կառնվի միայն թիմերի առաջին շրջանում վաստակած միավորները:
Վերը նշած տարբերակներից բոլորի դեպքում էլ չեմպիոն կհռչակվի ՊՍԺ-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես կգա «Օլիմպիկ Մարսելը», իսկ Չ/Լ-ի որակավորման փուլի ուղեգիր կնվաճի «Ռենը»:
Առաջնության ավարտի առաջին սցենարի դեպքում Ֆրանաիան Եվրոպա լիգայում կներկայացնեն`«Լիլը», «Ռեյմսը», «Նիցան»: Երկրորդի դեպքում` «Լիլը», «Լիոնը» եւ «Մոնպելյեն», իսկ երրորդի դեպքում` «Լիլը», «Նանտը» եւ «Ռեյմսը»:
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան, եթե որոշում կայացնի մրցաշարային աղյուսակը դասավորել վերը նշած առաջին տարբերակով, ապա Լիգա 1-ի վերջին 3 հորիզոնականները կզբաղեցնեն «Նիմը», «Ամիենն» ու «Թուլուզը», երկրորդ տարբերակի ընտրության դեպքում առաջնության վերջին եռյակում փոփոխություններ չեն լինի, իսկ երրորդի պարագայում 18-րդ տեղը կզբաղեցնի «Ամիենը», 19-րդը «Նիմը», 20-րդը` կրկին «Թուլուզը»:
Էդմոն Մարտիրոսյան