Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄԿ-ի, քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակվում է, անհրաժեշտ է աջակցել աշխատող ընտանիքներին՝ երեխաների համար համաճարակի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Աշխատանքի կորստի, դպրոցների և նախակրթարանների փակման պատճառով ընտանիքները, հատկապես ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները, լրացուցիչ աջակցության կարիքն ունեն:
«Համավարակի հետևանքները` աշխատատեղերի կորուստ, երկարատև սթրես և հոգեկան առողջության վատթարացում, ընտանիքները դեռ երկար կզգան հետագա տարիների ընթացքում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանկական զարգացման գծով ղեկավար Փիա Բրիտոն (Pia Britto). «Առավել խոցելի երեխաների համար սոցիալական պաշտպանության համապատասխան համակարգերի բացակայությունը է՛լ ավելի է խորացնում նրանց վրա ճգնաժամի ներգործությունը»:
Վերջերս լույս տեսած նոր ուղեցույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործատուներին հորդորում է՝ հաշվի առնել իրենց կողմից ընդունված որոշումների ազդեցությունը աշխատակիցների ընտանիքների վրա և, հնարավորության սահմաններում, աջակցել նրանց սոցիալական պաշտպանությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՄԿ-ը նաև կոչ են անում կառավարություններին ամրապնդել սոցիալական պաշտպանության մեխանիզմները հատկապես խոցելի ընտանիքների համար, այդ թվում ՝ աջակցելով գործատուներին, որպեսզի վերջիններս պահպանեն աշխատատեղերը և եկամուտ ստեղծելու հնարավորություն տան, ինչպես նաև՝ ֆինանսական աջակցություն երաշխավորել նրանց համար, ովքեր կորցրել են աշխատանքը:
Ընտանիքահեն քաղաքականությունները և գործելակերպը, այդ թվում՝ աշխատատեղերի և եկամուտների պահպանումը, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու նպատակով տրվող վճարովի արձակուրդը, ճկուն աշխատանքային կարգավորումները և երեխաների խնամքի ճգնաժամային ծառայությունների հասանելիությունը կարող են էական դեր խաղալ։ Դրանք աշխատողներին հնարավորություն են տալիս պաշտպանել և հոգալ թե՛ իրենց և թե՛ իրենց երեխաների մասին և բարձրացնել աշխատուժի արտադրողականությունն ու պաշտպանվածության զգացումը:
ՔՈՎԻԴ-19-ից բխող բացասական հետևանքները մեղմելու համար ուղեցույցն առաջարկում է՝
* Գնահատել, թե աշխատավայրի ընթացիկ քաղաքականությունը որքանով է բավարար աջակցություն տրամադրում աշխատողներին և նրանց ընտանիքներին:
* Գործող կամ նոր քաղաքականություն իրականացնելիս՝ կիրառել դրական գործելակերպ՝ հիմնված սոցիալական երկխոսության, ազգային աշխատանքային օրենսդրության և աշխատանքի միջազգային չափորոշիչների վրա: Ապահովել, որ բոլոր աշխատակիցները օգտվեն աշխատավայրում իրականացվող աջակցության միջոցառումներից՝ առանց խտրականության, և որ բոլոր աշխատակիցները տեղյակ լինեն դրանց մասին, հասկանան էությունն ու ազատ կիրառեն դրանք։
* Ներդնել ընտանիքահեն ճկուն աշխատանքային կարգավորումներ` աշխատակիցներին ընտրության ավելի մեծ հնարավորություն տրամադրելով՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակի և վայրի հետ: Եթե հնարավոր չէ աշխատանքային ճկուն գրաֆիկ սահմանել, աշխատող ծնողների համար հնարավոր դարձնել երեխաների խնամքի այլընտրանքային աջակցությունը:
* Աջակցել աշխատող ծնողներին՝ ՔՈՎԻԴ-19-ի համատեքստում երեխաների խնամքի համար նախատեսված նպատակահարմար և անվտանգ տարբերակներով
* Կանխարգելել և վերացնել աշխատավայում առկա ռիսկերը `ամրապնդելով աշխատանքային պահպանության և առողջապահական միջոցառումները:
* Ուղղորդում տրամադրել և դասընթացներ անցկացնել աշխատանքային անվտանգության, առողջապահական միջոցառումների և հիգիենիկ գործելակերպի վերաբերյալ։
* Խրախուսել աշխատակիցներին համապատասխան բուժօգնության դիմել՝ բարձր ջերմության, հազի և շնչառության դժվարություններ ունենալու դեպքում:
* Աջակցել Կառավարության սոցիալական պաշտպանության միջոցառումներին՝ համաձայն Սոցիալական ապահովության (նվազագույն չափորոշիչների) մասին ԱՄԿ-ի կոնվենցիայի թիվ 102 և ԱՄԿ սոցիալական պաշտպանության հարթակների մասին թիվ 202 հանձնարարականի։ Ընկերության աջակցությունը կարող է ներառել, օրինակ, աշխատողներին առողջապահական, գործազրկության և անաշխատունակության հետ կապված սուբսիդիաներ, որոնք պետք է տարածվեն ոչ ֆորմալ հատվածի աշխատողների վրա ևս: