2020 թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր. զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր։ Դա կապված էր նախ՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման և ապա` կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հետ, որոնք լուրջ խնդիրներ առաջացրեցին ԶԼՄ–ների համար։

Այսպես` մարտի 16–ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց հրապարակել «խուճապ առաջացնող» տեղեկություններ, իսկ կորոնավիրուսի թեմայով տեղեկատվության միակ աղբյուրը պետք է լիներ Կառավարության կողմից ստեղծված Պարետատունը։

Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, որ առաջացրեց այս փաստաթուղթը, խիստ վիճահարույց էր, թե որ լուրը կարող է իրապես «խուճապ առաջացնող» համարվել։ Մտահոգիչ էր նաև այն, որ սուբյեկտիվության և կամայական արգելքների տեղիք տվող որոշման իրականացնողներն ուժային կառույցներն էին, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև սոցցանցերի օգտատերերին ստիպում էին ջնջել «անթույլատրելի» գրառումները։

Նաև արտակարգ դրության շրջանում կիրառված չափազանց խիստ սահմանափակումներով է պայմանավորված, որ եռամսյակի ընթացքում լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների գերակշիռ մասը` 50–ից 30–ը, գրանցվեց հենց այդ օրերին։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ինչպես նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության) ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները և մարտի 25–ին նոր որոշում ընդունի՝ էապես մեղմացնելով լրատվամիջոցների գործունեությանն ու տեղեկատվության տարածմանը վերաբերող պահանջները։ Սակայն մեղմացումներից հետո էլ վիճակը մտահոգիչ էր մնում կորոնավիրուսի թեմային վերաբերող պաշտոնական տեղեկատվության հասանելիության առումով. պատշաճ կերպով չհամակարգված աշխատանքի պատճառով լրագրողների հարցումները հաճախ մնում էին անպատասխան։ Այս առնչությամբ մարտի 27-ին տարածած հայտարարությամբ լրագրողական 10 կազմակերպություններ Կառավարությանը կոչ արեցին «անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին»: Թերևս սա շարունակությունն էր այն դժգոհության, որ ԶԼՄ-ները վաղուց արտահայտում են գերատեսչությունների մամուլի քարտուղարների և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատանքից, որոնք տեղեկությունների տարածման հիմնական գործիք են դարձրել սոցիալական ցանցերը և վատ են պահպանում ուղիղ կապը խմբագրությունների հետ։

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով լրագրողների ահազանգերը՝ ԽԱՊԿ-ն եռամսյակի ընթացքում արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 21 դեպք, որից 6–ը` արտակարգ դրության ժամանակ` մարտի 16-31–ը։

Դիտարկվող ժամանակաշրջանում կառավարությունն ու խորհրդարանը մեդիա ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնություններով հանդես եկան, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար։ Տարեսկզբին լայն քննարկման առարկա դարձավ Արդարադատության նախարարության առաջարկած Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որտեղ սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը խիստ պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում որևէ հանցանքի մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։ Լրագրողական և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ այս փոփոխությունը համարեցին մահակ լրատվամիջոցների գլխին և սպառնալիք լրագրողների տեղեկատվական աղբյուրների համար։

Ավելի վաղ մեկ այլ նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն առաջարկել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարել` պետբյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելու նպատակով։ Ու թեև 10 լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ անընդունելի համարեցին այդ փոփոխությունները, դա չխանգարեց, որ Կառավարությունը հավանություն տար նախագծին, իսկ մարտի 25–ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդուներ այն։

Մինչդեռ, հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունն արմատական բարեփոխման կարիք ունի։ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների մշակած և Ազգային Ժողով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծն այդպես էլ պաշտոնապես շրջանառության մեջ չդրվեց։ Իսկ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հունվարի 16–ին անցկացված խորհրդարանական լսումները հստակ պատասխաններ չտվեցին, թե որոնք պետք է լինեն նոր կարգավորումների հայեցակարգային մոտեցումներն ու սկզբունքները։

Խիստ մտահոգիչ են նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն վերաբերող գործընթացները։ Դրանով զբաղվում են ԱԺ տարբեր խմբակցություններ, ձևավորված է աշխատանքային խումբ, որին օրինագիծ է առաջարկել նաև ԽԱՊԿ-ը, սակայն այս ամենը համակարգված բնույթ չի կրում, ինչի պատճառով էլ գործընթացն առայժմ արդյունավետ չէ։

ԱԺ-ում աշխատանքային խմբի մակարդակով քննարկումներ են ընթանում նաև ատելության խոսքի տարածումը քրեականացնելու խնդրի շուրջ։ Իսկ մեկ այլ` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար քրեական պատասխանատվության ենթարկելուն միտված օրենսդրական փոփոխություններն ԱԺ-ն մարտի 5–ին ընդունեց առաջին ընթերցմամբ։

Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի գրանցվել։ Նվազել է նաև լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակը. արձանագրվել է 14 նոր հայց, ինչը կրկնակի պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի դեպ, այս եռամսյակի ընթացքում ներկայացված դատական հայցերից 12–ը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2–ը` աշխատանքային վեճ։




Լրահոս