ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երկու բնակչի հուղարկավորություն է եղել։ Մեր տեղեկություններով, մեկը կորոնավիրուսային հիվանդությունից մահացած 80-ամյա կնոջ հուղարկավորությունն է եղել, մյուսը երիտասարդ տղայի, որը հիվանդություն է ունեցել։ Մեզ հայտնեցին, թե հուղարկավորության եւ հոգեհանգստի արարողությունները մարդաշատ են եղել` չնայած արտակարգ իրավիճակին և պարետի կողմից հայտարարված կանոններին։
ArmLur.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը հաստատեց, որ երկու հուղարկավորություն է եղել, սակայն նշեց, թե հետևողական են եղել և փորձել են այնպես անել, որ բոլոր կանոնները պահպանվեն։
«Երիտասարդն առողջական խնդիրներ ուներ, իր մահը կապ չունի կորոնավիրուսի հետ։ Ես ինքս երեկ այցելել եմ նրա ընտանիքին, ներկա եմ եղել հոգեհանգստի արարողությանը։ «Վերջին շրջանում բոլորին ենք այցելում, հորդորում ենք, որպեսզի մարդկանց ասեն, որ իրենք չեն նեղանում, եթե չգան, չմասնակցեն այդ արարողություններին։ Մահացած երիտասարդը հարգված մարդ էր, այսօր հուղարկավորությանը հիմնականում հարազատներն էին մասնակցում։ Շատ ավելին կարող էր լիներ ներկաների թիվը, սակայն այդքան մարդ չկար, հիմնականում հարազատներն էին», – նշեց նա։
Անդրադառնալով արդեն կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությանը, նա նշեց, թե ներկա է եղել արարողությանը։ «Իմ անմիջական ներկայությամբ է եղել, մասնակցել են մոտ 25-30 մարդ՝ բոլորով միասին, հարազատները քիչ էին, սակայն բոլորը պաշտպանված էին հատուկ դիմակներով և ձեռնոցներով»։
Անդրադառնալով ընդհանուր առմամբ քաղաքում տիրող իրավիճակին` նա նշեց, թե փորձոմ են հիմնականում կարգավորել և այնպես անել, որ բանկերի դիմաց հերթեր չլինեն, և հաջողվում է. մարդիկ մեկ-մեկ են բանկեր մտնում։