Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոն 140 հազարի, ապաքինվածների թիվը շուրջ 956 հազար է, մահացածներինը՝ 218 հազար:
Միայն վերջին օրվա ընթացքում մահացել է մոտ 5,5 հազար մարդ՝ հազարով ավելի, քան նախորդ օրը: Պատճառը ԱՄՆ-ում մահացության կտրուկ աճն է: Կորոնավիրուսից մահացած ամերիկացիների թիվը գերազանցել է Վիետնամի պատերազմում զոհվածների թիվը:
Իսկ Եվրոպայում համաճարակից առավել տուժած երկրներում մահացությունը շարունակում է նվազել:
Իսպանիայում և Ֆրանսիայում կարանտինից դուրս գալու ծրագրեր են ներկայացվել և աստիճանաբար կսկսեն բացվել շուկաները, իսկ սրճարաններն ու բարերը՝ ավելի ուշ։Ավստրիան մայիսի 1-ից հանում է կարանտինը. Այնտեղ կթույլատրեն հավաքվել 10-հոգանոց խմբերով: Ռուսաստանում հայտնաբերված Covid-19-ի դեպքերն արդեն ավելի շատ են, քան Չինաստանում և Իրանում: Մոսկվայում երեքշաբթի օրը գրանցվեց մահացության ռեկորդ ՝ 67 մարդ:
Իսկ Հայաստանում այսօր ժամը 11-ի դրությամբ ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ը առողջացել են, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում փաստացի ստանում է 1000 պացիենտ: