ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ.
«Այս օրերին մենք շարունակում ենք աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով մեզ դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ։
Ինչպես տեղյակ եք, ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթները՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։
Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթներին, որոնց մասին ինչպես և նախկինում կտեղեկացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։ Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: