«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 262 հազար 500 դոլար տրամադրել «Baker & McKenzie LLP» ընկերությանը, որը ներկայացնում է Հայաստանի շահերն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարանում՝ «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին այս ընկերության հետ կնքվել էր ընդհանուր 750,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողության պայմանագիր։ Այնուհետև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 1-ին փուլում մատուցված ծառայությունների գին սահմանել 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ 2-րդ փուլի համար՝ 550,000 (հինգ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
«Ռասիա ՖԶԷ»-ն Դուբայում գրանցված ներդրումային ընկերություն է, որի ամերիկյան դուստր ընկերությունը 150 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (ICSID) Հայաստանի դեմ՝ կապված տնտեսական և քաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի՝ Հյուսիս-հարավի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ընթացքում առաջացած խնդիրների ու պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։ «Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել էր 2018 թվականի օգոստոսի 3-ին: Սա ICSID-ում ընդդեմ Հայաստանի արդեն երրորդ գործն է։ Առաջինը 2007 թվականին հանքարդունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայցն էր, որի մյուս կողմում բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն էր։ Դեռևս այդ ժամանակ միջազգային դատարանը վճիռ էր կայացրել 37 միլիոն դոլար բռնագանձել Վարդան Այվազյանից՝ հօգուտ «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի, քանի որ, ըստ դատարանի վճռում եղած նյութերի, 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։
Ընդդեմ Հայաստանի երկրորդ գործը սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի գործն է, որով գործարարը Հայաստանից պահանջում է 15 միլիոն դոլար, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության, և այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան: Այս գործը ներկայումս քննության փուլում է։ Եվ Հայաստանը մեծ գումարներ է ծախսում այս գործերի քննության համար միայն փաստաբաններին վճարելու վրա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։