Ովքեր չեն կարող լինել տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիրներ․ նոր օրենքը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն՝ Տեսալսողական մեդիայի մասին։ Ըստ այդմ, ամբողջովին փոխվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ անվանումից սկսած։

Հեղինակները մեկնաբանում են, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ուժի մեջ է մտել դեռեւս այն ժամանակ, երբ ավանդական անալոգային ռադիոն եւ հեռուստատեսությունը հիմնականում համարվել են տեսալսողական ծառայությունների միակ տեսակը, որը կարող էր հասանելի լինել քաղաքացիների մեծամասնության համար: Նորմատիվ իրավական ակտը փոփոխություններ է կրել մասնակիորեն վերգետնյա թվային հեռուստատեսությանը` անցում կատարելու գործընթացի համար:

Ոլորտը կարգավորող օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի, դիստրիբյուտորի եւ տեսալսողական արտադրանքն օգտատերերին հասցնողների պատասխանատվության ներքո: Սա ներառում է ոչ միայն ռադիոն եւ հեռուստատեսությունը, այլ նաեւ ըստ պահանջի ծառայությունները (անկախ նրանից, թե ինչ հատուկ տեխնոլոգիա եւ հարթակ է օգտագործվել դրանք բաշխելու համար): Այն ընդհուպ պետք է ընդգրկի նաեւ տեսագրությունների տարածման հարթակների գործունեության որոշ հայեցակետեր, ինչպիսիք են համացանցում տարածվող սակայն ցանցային օպերատորի կողմից հեռարձակման ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները:

Գործող օրենքը ներառում է լիցենզավորման կարգի վերաբերյալ մի շարք մանրամասն դրույթներ: Լիցենզիա ստանալն օրենքով սահմանված է որպես ռադիո եւ հեռուստատեսային ծառայություններ մատուցելու միակ հնարավոր եղանակ, այնինչ լիցենզիան տեսալսողական արտադրանք կազմողների ու հանրության ներկայացնողների համար պետք է հանդիսանա միմիայն հանրային մուլտիպլեքսի սլոթն օգտագործելու թույլտվություն, ինչն արդեն պետական սահմանափակ ռեսուրս է եւ այդ պարագայում է միայն հասկանալի լիցենզիայի տրամադրման իմաստը: Ըստ նրանց, գործող կարգավորմամբ պատասխանատվության միջոցները անարդար անհավասարության սկզբունքով են եւ ոչ թե արդար անհավասարության, քանի որ առկա սանկցիաները անհատական պատասխանատվության սկզբունք չեն ենթադրում որքան էլ որ ունեն հարաբերական որոշակի տեսք: Օրենքով արգելված հանրորեն վտանգավոր միեւնույն արարքի համար ֆինանսական շրջանառությամբ էականորեն տարբերվող երկու ընկերություններ կարող են պատասխանատվության ենթարկվել միեւնույն ձեւով եւ չափով, ինչը տուժամիջոցի նպատակները չի արդարացնում։

Իսկ այժմ անդրադառնանք նոր օրենքի կարգավորումներին․

Գործող օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է «հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները»: Այս կարգավորումը շատ սահմանափակ է եւ դրանից նաեւ բխում է, որ պետք է լինի առեւտրային մեդիա հարթակների հետ կապված չափազանց միջամտողական մտադրություն:

Նախագծով առաջարկվում է կարգավորել մեդիա ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունների ավելի լայն հարթակ` բացառելով միայն համացանցը: Համացանցի վրա տարածվում է այնքանով, որ դրանում տարածվող տեսալսողական արտադրանքը կարող է հեռարձակվել ցանցային օպերատորների կողմից, իսկ նման պարագայում տեսալսողական արտադրանք տվողը ոչ այլ ինչ է, քան տեսալսողական մեդիածառայություն մատուցող` անկախ այն հանգամանքից իր կազմած տեսալսողական տեղեկատվությունը սեփական ցանցով է տարածվում, թե տեսալսողական տեղեկատվություն տարածողի կողմից: Արրդյունքում, ըստ էության տարածվում է ոչ թե համացանցի վրա, այլ ցանցային օպերատորի միջոցով տեսալսողական տեղեկատվությունն օգտատերերին տրամադրելու նպատակ ունեցող սուբյեկտների գործունեության վրա: Համացանցի վրա չի կարող տարածվել, քանի որ այդ միջոցները ստեղծված չեն Հայաստանի Հանրապետությունում, դրանց գործունեությունը ծավալվում է այլ երկրներում եւ կարգավորվում է տվյալ երկրների օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

Նախագծով ներկայացված են պահանջները, որոնք անհրաժեշտ են սուբյեկտին համարվելու Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայություն` նպատակ ունենալով հստակ տարանջատել օտարերկրյա տեսալսողական մեդիածառայություններին մեր երկրում գործողներից:

Նախագծում ներառվել են հիմանական հասկացություններ եւ տրվել են հնարավոր հասկանալի ձեւակերպումներ: Հիմնական հասկացություններում չեն ներառվել հանրածանոթ հասկացություններ: Տեսլասողական մեդիածառայություն հասկացությունը ֆիքսվել է որպես սուբյեկտ եւ այն հիմնական սուբյեկտը, որը կրելու խմբագրական պատասխանատվություն: Հստակ տարանջատվել են տեսալսողական մեդիածառայությունները տեսալսողական տեղեկատվություն տարածողներից: Տեսալսողական արտադրանքն ընդհանրապես` ներառվող գովազդով, ելքային տվյալներով, ենթագրերով ֆիքսվել է որպես առավելագույն կատեգորիա: Մյուս բոլոր տերմինները` արտադրանք, նյութ, տեղեկություն, լուր եւ այլն ունեն առավել շեշտված կենցաղային երանգ եւ պակաս պիտանի են բնութագրման համար եւ չեն կարող օգտագործվել ինֆորմացիայի փոխարեն: Տեսալսողական տեղեկատվություն տարածողներ հասկացության մեջ ընդգրկվել են ցանցային եւ մուլտիպլեքս օպերատորները եւ մեկ հասկացությամբ են օգտագործվում այն դեպքերում, երբ դրույթը վերաբերելի է երկուսին:

Նախագծով առաջարկվում է հստակ կարգավորում տեսալսողական տեղեկատվության լեզվի հետ կապված: Մասնավորապես առաջարվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները կամ դրանք մատուցել բնօրինակով եւ ենթագրերով: Կարգավորումն ունի նպատակ սույն օրենքի սկզբունքների համատեքստում բարձրացնել տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնել հայրենական արտադրանքը: Նույն նպատակով պահանջներ են նախատեսված երաժշտական ստեղծագործությունների եւ դրանց մատուցման ժամի հետ կապված, որպեսզի ֆիքսվի նպատակը եւ տա իրական արդյունք, այլ ոչ թե դրանք սկսվեն մատուցվել միայն գիշերային ժամերի եւ կրեն ձեւական բնույթ: Դրույթներից որոշները տարածվում են միայն լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների վրա այն հասկանալի պատճառով, որ նրանց տրամադրվում է պետական սահմանափակ ռեսուրս եւ պահանջներն էլ պետք է որոշակի տարբեր լինեն: Կարեւորագույն դրույթներից մեկը տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է:

Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների համար սահմանվել է նաեւ լրացուցիչ պարտականություն` տեսալսողական ծրագրերում շաբաթական ընդհանուրն առնվազն 20 տոկոս մանկական, կրթական եւ մշակութային պարտադիր թեմատիկ ուղղվածությունների ընդգրկումը: Այն նույնպես նախատեսվել է բազմազանությունը ապահովելու եւ նշված ոլորտները մեծապես զարգացնելու նպատակով: Տեսալսողական հաղորդումների կազմակերպմանը վերաբերող մյուս դրույթներն առավել, քան հասկանալի են նախագծից: Տեսալսողական մեդիածառայությունների ազատության ու անկախության երաշխիքի նպատակով է տեսալսողական հաղորդումներում սահմանվել հովանավորության սահմանափակումներ: Այդ նույն երաշխիքով սահմանափակումներ են նախատեսվել նաեւ տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիների մասով եւ դրանցից բացառություն չեն կազմում նաեւ բարձրաստիճան պաշտոնատար եւ իրենց փոխկապակցված անձինք, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները, սահմանվել են հակամենաշնորհային երաշխիքներ:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին առաջադրելու մեխանիզմը գործող օրենքով էլ բավականին բարդ է: Անդամները նշանակվում են վարչապետի կողմից` հատուկ մրցութային հանձնաժողովի առաջադրմամբ, որն ընտրվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Խորհրդի անդամների նշանակման այս բարդ ընթացակարգը որոշակի առումով երաշխավորում է դրանց անկախությունը քաղաքական ղեկավարությունից: Նոր նախագծով մշտական մրցութային հանձնաժողովի փոխարեն առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որ ը կգործի մինչեւ Խորհրդի անդամի թափուր պաշտոնը համալրելը եւ դա հավելյալ երաշխիք է խորհրդի անկախության համար: Նոր մոդելով առաջարկվում է, որ խորհրդի նախագահին Խորհուրդն ընտրի իր կազմից 4 տարի ժամկետով` այդկերպ հնարավորություն տալով խորհրդի այլ անդամներին եւս իրենց պաշտոնավարման ընթացքում դրսեւորվել եւ ընտրվել նախագահի պաշտոնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս