ՀՖՖ Գործկոմի նիստում քննարկվել է մրցաշրջանի վերսկսման տարբերակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:Կոմիտեն քննարկել է ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Vbet Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Քննարկման արդյունքում մշակվել են առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ: ՀՖՖ աշխատակազմին առաջարկվել է մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:

Օրակարգի մեկ այլ հարցով Գործադիր կոմիտեն քննարկել է ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի հնարավոր փոփոխության հարցը՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կողմից ստացված այն խորհրդատվականը, համաձայն որի ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ազգային ֆեդերացիաները բացառության կարգով այս տարի կարող են փոփոխել նախկինում սահմանված ժամկետները: Որպես աշխատանքային տարբերակ՝ դիտարկվել է ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը հետաձգել մեկական ամսով: Այնուամենայնիվ, Գործադիր կոմիտեն միակարծիք էր, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի միայն առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի ժամկետների վերջնական հստակեցումից հետո:

Գործադիր կոմիտեն կայացրել է նաև մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից, Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշում է կայացրել հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս