Մայիսի 1-ին շատ երկրներում նշվում է Աշխատանքի օրը (կամ՝ Գարնան եւ աշխատանքի օր), որը միջազգային տոն է եւ ի սկզբանե կրել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր» անվանումը: 1886թ․ մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել Չիկագոյում՝ առաջ քաշելով 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջը։ Գործադուլը եւ դրան հետեւած ցույցը ավարտվել են ոստիկանության հետ արյունալի բախումով:
1889թ․ հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին ամենամյա շքերթներ անցկացնելու որոշում է կայացրել։ Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890թ․՝ Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի քանի այլ երկրներում։
Այսօր տոնը նշվում է 142 երկրներում եւ տարածքներում: Աշխատանքի օրը գարնանային վառ տոն է, երբ կազմակերպվում են ազգային տոնակատարարություններ, արտիստների ելույթներ, տոնավաճառներ, երթեր եւ բազմաթիվ զվարճանքի միջոցառումներ: