Բելառուսում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձրներից մեկն է։ Այս մասին TUT.BY պարբերակականին հաղորդել է Բելառուսում ԱՀԿ ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևը։
Նրա խոսքերով, երկրում կորոնավիրուսի արագ տարածման պատճառը «Ֆիզիկական հեռավորություն պահպանելու ադեկվատ միջոցների» բացակայությունն է։ Առանց դրանց անհնար է դրական փոփոխություններ ակնկալել մոտ ժամանակներս։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հետաձգել զանգվածային միջոցառումները, դադարեցնել ոչ առաջնային ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը, ներդնել հեռավար աշխատանքի և ուսուցման ձևաչափերը, խիստ սանիտարական պահանջներ սահմանել աշխատավայրերում և նվազագույնի հասցնել քաղաքացիների ոչ անհրաժեշտ տեղաշարժը։
Մայիսի 1-ի տվյալներով Բելառուսում կորոնավիրուսի 14917 դեպք է գրանցվել (օրական +890)։ Առողջացել է 2918 մարդ (օրական +532), մահացել է 93 մարդ (օրական+4)։
Բելառուսում շարունակում են աշխատել խանութները, դպրոցները, համալսարանները, երկրում ֆուտբոլի առաջնություն է ընթանում։ Շարունակվում են մայիսի 9-ի շքերթի նախապատրաստական աշխատանքները։