Հայ-Ռուսական համալսարանը կարևորելով իր դիմորդների և իրենց ծնողների ու հարազատների առողջությունը՝ ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել 2020-2021 ուստարվա հայկական և ռուսական բաժանմունքների բակալավրիատի և սպեցիալիտետի (առկա ուսուցում) անվճար և վճարովի տեղերի համար ընդունելության քննություններն անցկացնել բացառապես առցանց-օնլայն ձևաչափով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պահին ավիահաղորդակցությունը չի գործում բազմաթիվ երկրներում, ապա օնլայն ձևաչափը հնարավորություն է ընձեռելու նաև Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ղազախստանում և այլ երկրներում բնակվող մեր շրջանավարտ հայրենակիցներին, որոնք ցանկանում են ընդունվել Հայ-Ռուսական համալսարան, հենց իրենց տներից մասնակցել ընդունելության քննություններին»,- նշել է ՀՌՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աննա Բեջանյանը։
Դիմորդներն ընդունելության մրցույթին մասնակցելու են տվյալ մասնագիտության համար նախատեսված մեկ մասնագիտական առարկայի առցանց-օնլայն քննությունից ստացված գնահատականի և ռուսաց լեզվի ոչ մրցութային ստուգարքի արդյունքներով:
«Կարևոր եմ համարում հիշեցնել, որ հայկական և ռուսական բաժանմունքների համար կարող են դիմել ինչպես ՀՀ և ՌԴ միասնական քննություններին մասնակցող դիմորդները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել միասնական քննություններին։ Այսինքն՝ միասնական քննությունից գնահատական չունեցող դիմորդը շատ հանգիստ կարող է իր ցանկացած ուղղության համար օնլայն ձևաչափով հանձնել մեկ մասնագիտական քննություն (ոչ մրցութային ռուսերեն ստուգարքը հանձնում են միայն ռուսական բաժանմունքի համար) և դառնալ մեր ուսանողը։ Իրենց դիմումները և փաստաթղթերը դիմորդները կարող են հեռավար եղանակով ներկայացնել ս․թ․ մայիսի 4 – հուլիսի 7-ը ներառյալ։ Օնլայն ընդունելության քննություններն անցկացվելու են նույն ժամկետներում՝ դիմում-հայտերը ստանալուն զուգընթաց»,- շեշտել է Աննա Բեջանյանը։
Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունման ձևաչափի մասին մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն Հայ-Ռուսական համալսարանի պաշտոնական կայքում առաջիկա օրերին։