Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ․
«Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով շնորհավորում եմ լրագրողներին և լրատվամիջոցների աշխատակիցներին․ դուք մեր բարդ ժամանակների պարզապես արձանագրողն ու լուսաբանողը, ականատեսն ու գրառողը չեք, այլև այդ ամենի անմիջական մասնակիցն եք՝ մեր քաղաքացիներին ապահովելով հրատապ և սպասված տեղեկատվությամբ։
Այն, որ այսօր հասարակությունն ավելի տեղեկացված է, ավելի արագ ու անմիջական է արձագանքում երևույթներին, ավելի ակտիվ է մասնակցում իրադարձություններին, մեծապես պայմանավորված է նաև ձեր աշխատանքով:
Աշխատանք, որը ձեզնից պահանջում է լարված ջանքեր, որոնք ոչ միշտ են տեսանելի, զոհողություններ, որոնց մասին ոչ միշտ ենք տեղեկանում, նվիրում, որը երբեմն ձեզ մղում է անձնականը ստորադասել մասնագիտականին։ Եվ, իհարկե, աշխատանք, որը ձեզնից պահանջում է պատասխանատու վերաբերմունք ինչպես խոսքի , այնպես էլ մարդու հանդեպ, որովհետև յուրաքանչյուր խոսքի հետևում տեսանելի և անտեսանելի ճակատագիր է՝ մարդու, ընտանիքի, երկրի, ժողովրդի ճակատագիր։
Շնորհակալ եմ բարձր գնահատականի արժանի ձեր անձնազոհ աշխատանքի համար, որն օգնում է լինել տեղեկացված, կայանալ ու ձևավորվել որպես քաղաքացի, որպես իշխանություն, որպես հասարակություն։
Շնորհակալ եմ մեր արդյունավետ համագործակցության համար։
Երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»: