ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին։ Բյուջեի կատարողականը ներկայացված է տարբեր գլուխներով՝ մանրամասը ներկայացնելով այն աշխատանքները որ արվել են եւ առկա արդյունքները։
Տեսական մասը, ընդունված օրենքները ներկայացնելուց հետո անցում է կատարվում նաև թվային հատվածի։ Ըստ այդմ, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23,9 տոկոսը՝ նախորդ տարվա 22,3 տոկոսի դիմաց, իսկ հարկերը և տուրքերը՝ ՀՆԱ-ի 22,35 տոկոսը, նախորդ տարվա 20,95 տոկոսի դիմաց։ Ընդ որում, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վերջին տարիներին աննախադեպ էական բարելավումը պայմանավորվել է ՀՀ կառավարության՝ ստվերի դեմ իրականացվող պայքարով, հարկային վարչարարության բարելավմամբ և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճով։
2019 թվականի արդյունքներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1565,5 մլրդ դրամ, իսկ հարկերը և տուրքերը կազմել են 1464,3 մլրդ դրամ։ 2019 թվականի ընթացքում ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24,9 տոկոսը, 1629,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10,6 տոկոսով։ Նշվում է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում պետական բյուջեի պակասուրդը նվազել է։ Այն 2019 թվականին կազմել է 63,9 մլրդ դրամ՝ նախորդ տարի ձևավորված 105,4 մլրդ դրամի համեմատ։ Առանց 2019 թվականի ՌԴ-ից ստացված ռազմական վարկը հաշվի առնելու, պետական բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 0,5 տոկոսը՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 1,26 տոկոսային կետով։
Մանրամասը ներկայացնելով եկամուտի աղբյուրները, ընդգծված է, որ 2019 թվականին առաջին անգամ պետական բյուջեի մասին օրենքով պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառվել են բյուջեի ցուցանիշներում։ Նշենք, որ ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44,9 մլրդ դրամ՝ 100,5 տոկոսով ապահովելով ծրագիրը։ 2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565,5 մլրդ դրամ եկամուտներ՝ ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97,3 կատարողական։ Իսկ հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 103,8 տոկոսով։ Իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98,4 տոկոսով։
Իսկ 2019 թվականի փաստացի եկամուտները 16,7 տոկոսով կամ 223,8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Մասնավորապես, հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 16,4 տոկոսով կամ 206,2 մլրդ դրամով։
Բացի այդ, 2019 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքերի 34,6 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 506,5 մլրդ դրամ։ Նշված գումարից 364,6 մլրդ դրամը ստացվել է ներմուծման հարկումից։ Ներմուծման մեջ հատկանշական է ավտոմեքենանեի ներմուծման ծավալների աճը՝ պայմանավորված մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ներկրման համար նախատեսված արտոնյալ ժամկետի տրամադրման հանգամանքով։ 2019 թվականի ընթացքում իրականացվել են 8703 ծածկագրին դասվող մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման և բացթողման 189,018 մաքսային գործառնություններ՝ 2018 թվականի 64,082-ի դիմաց, որից միայն 45,981 մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման և բացթողման մաքսային գործառնություններն իրականացվել են 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
ՀՀ 2019 թվականի օետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9,5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 138,6 մլրդ դրամ։ ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է ծխախոտի և օղու արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով։ 2019 թվականին ԵՏՄ անդամ երկրներից փոխանցված մաքսատուրքը կազմել է 75,369,1 մլն դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 3 տոկոսով։ Հատկանշական է, որ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերի վրա իրենց ազդեցությունն է թողել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծումների աճը, որը կազմել է 342,3 դոլար, իսկ ԵՄ անդամ պետություններից ներմուծումները նվազել են։
Իսկ այժմ խոսենք դրամաշնորհների մասին։ 2019 թվականին Եվրամիության կողմից բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակներում ստացվել է շուրջ 4,5 մլրդ դրամ, որոնք 2017-2018 թվականներին նախատեսվել էին 6,5 մլրդ դրամի չափով։ Դրամաշնորհներն ամբողջությամբ չեն ստացվել՝ նախապայմանների ոչ ամբողջական կատարման պատճառով։ Եվրամիության կողմից բյուջետային աջակցության նպատակով մի շարք ծրագրերի շրջանակներում 2019 թվականին նախատեսված 8,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով դրամաշնորհները չեն ստացվել։ Եվ 2019 թվականին հայկական կողմը պաշտոնապես դիմել էր եվրոպական կողմին ՝ ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրերով ամրագրված որոշ նախապայմանների վերախմբագրման և իրականացման ժամկետների երկարաձգման խնդրանքով, որի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին ֆինանսավորման համաձայնագրերում կատարվել են որոշակի փոփոխություններ, և հատկացումներն ակնկալվում է ստանալ 2020-2021 թվականների ընթացքում։
Եթե անդրադառնանք գերատեսչությունների կողմից ծրագրերի կատարողականին, ապա տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը 13 ծրագրերից կատարել է 10-ը եւ ունեցել 76,6 տոկոս կատարողական։ Մասնավորապես նշվում է, որ ծրագրերով ցուցանիշների շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման ծրագրի, Տեսչական վերահսկողության ծրագրի և ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի կատարողականով։ Ցածր կատարողական է արձանագրվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման համակարգերի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսերի գծով, որոնք կատարվել են 56,3 տոկոսով, կազմելով ավելի քան 1 մլրդ դրամ։ Շեղումը պայմանավորված է նրանով, որ միջոցառման իրականացման համար տարվա ընթացքում նախատեսված մրցույթները չեն կայացել՝ պահանջներին բավարարող մասնակիցների բացակայության պատճառով։ Մրցույթը կայացել է տարեվերջին, և ժամկետների սղությամբ պայմանավորված՝ միջոցառումն իրականացվել է մասամբ։
Նաիրա Հովհաննիսյան