ՉԿԱՅԱՑԱԾ ԲԱՐԵՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախագահականի դիմաց բողոքի ցույց էին անում խիստ մարտական տրամադրված մի խումբ կանայք` իրենց երեխաներով եւ ընտանիքի այլ անդամներով: Նրանք Էջմիածնի պետական քոլեջի նախկին հանրակացարանի բնակիչներն են, որոնք վթարային հանրակացարանում բնակեցվել էին  անհատույց սեփականության իրավունքով: Հանրակացարանի ժողովուրդը մոտ 1,5 տարի առաջ տարհանվել էր` խոստումով, որ վերանորոգումից հետո կվերադառնան իրենց բնակարանները, սակայն այս ընթացքում ոչ մի աշխատանք չի կատարվել:«Երկու տարի է` ոչ մի բան տեղից չի շարժվում, նախագահի վերահսկողականի ղեկավար Հովսեփյանը բարերար ճարեց` Էջմիածնի բնակիչ,  ուղարկեց, որ գա, էդ գործողությունը սկսեն, քանի որ համայնքը գումար չուներ: Սակայն բարերարն էլ գումար չունենալու պատճառով չարեց: Ուղղակի մի բանի վրա եմ զարմանում` ո՞նց ա հանձն առել նման բան: Մենք բողոքում ենք, որ վերահսկողականի ղեկավարը, բերելով բարերարին, անպատասխանատու քայլի առաջ է այսօր կանգնած»,-նշեց կանանցից մեկը` Ռուզան Մովսիսյանը: Իսկ մյուսն ավելացրեց. «Ասաց` գնացե՛ք, բարերարը կգա, շենքը կվերանորոգի, դուք կգնաք-կնստեք: Մենք կպահենք նախագահի պատիվը, հարգանքը, թասիբով-նամուսով էդ գործը կանենք: 3 օրվա ընթացքում դատարկեցին շենքը, բայց էս 8 ամսվա ընթացքում ոչ մի գործողություն չի կատարվում: Մենք էլ այսպես զայրացած մնացել ենք փողոցներում մեր էրեխեքի հետ: Անպաշտպան, անօթեւան, անաշխատանք»: Կանանցից մեկը պատմեց, որ այս ընթացքում վարձավճարները չկարողանալով տալ` արդեն 5-րդ բնակարանն է փոխել. «Էս սոցիալապես շատ անապահով վիճակում էլ չենք կարում, ի վիճակի չենք»:Իսկ չկայացած  բարերարը Էջմիածնի նախկին բնակիչ Էդիկ Սախկալյանն է:




Լրահոս