Ամեն այցելուից հետո ախտահանել գործիքները. գեղեցկության սրահներում անվտանգության կանոնների ուղեցույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում սպասարկումը պետք է իրականացվի բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջեւ առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին։

Ըստ որոշման՝ վարսավիրանոցներում եւ գեղեցկության սրահներում յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ եւ այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:

Արգելվում է սպասարկող անձնակազմից եւ հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների տարածք: Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները եւ հերթերը:

«Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում եւ տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով»,- ասվում է ուղեցույցում:

Վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ: Աշխատակիցների աշխատատեղերի միջեւ պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

«Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ եւ մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաեւ խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Սպասարկման ժամանակ հաճախորդների միջեւ անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն»,- նշված է որոշման մեջ։

Ըստ ուղեցույցի՝ աշխատանքի մեկնարկին եւ ավարտին կատարվում է տարածքի ախտահանում, մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները եւ հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

Վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների եւ այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլեւս չկա, հանվել են նաեւ տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման եւ չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները եւ գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են:




Լրահոս