Ստացել եմ բարձր դոզայով անտիբիոտիկ. հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինչ է պատմում Մարալիկ ԲԿ֊ի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզում ՝ «Մարալիկի» բժշկական կենտոնում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել էր 9 բուժաշխատող, այդ թվում նաև բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը, ով ArmLur.am– ի հետ զրույցում հայտնել էր, մի քանի օր առաջ արդեն դուրս է գրվել Գյումրու ինֆեկցիոն բժշկական կենտրոնից։

-Տիկի՛ն Հովսեփյան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում։

-Շատ լավ եմ ինձ զգում, սակայն 14 օր նույնպես պետք է ինքնամեկուսացած մնամ, հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ 14 օր հետո կրկին կթեստավորվեմ, եթե բացասական եղավ պատասխանը, ուրեմն վերջնականապես ապաքինվել եմ։

-Ձեր բուժանձնակազմից միայն Դուք եք դուրս գրվե՞լ։

– Այո՛, քանի որ կրկնակի թեստավորվելուց հետո միայն իմ պատասխանն է եղել բացասական, մնացածինը, մեկը լինում էր դրական, մեկը՝ բացասական, այդ իսկ պաճառով միայն ես դուրս գրվեցի։

-Ի՞նչ բուժում էիք ստանում, որպես բժիշկ Ձեզ բավարարո՞ւմ էր։

-Ինչ գիտեին, անհրաժեշտ էր, անում էին, թոքաբորբը, բրոնխիտը, վիրուսի բարդությունները, ամեն ինչ նորմալ էր արվում, որի արդյունքում ես ապաքինվել եմ։

-Տիկի՛ն Հովսեփյան, օրվա ընթացքում քանի՞ անգամ էիք բուժում ստանում, ինչ դեղորայք էիք ընդունում։

-Ստանում էի կաթիլայիններ, անտիբիոտիկ և «վիտրում» վիտամին։ Այսինքն ես ստացել եմ բարձր դոզայով անտիբիոտիկ։

-Նախորդ մեր զրույցների ընթացքում ասել էիք, որ Ձեր բուժանձնակազմից երկու հոգի, որոնք ունեին երկկողմանի թոքաբորբ, տեղափոխվել էին Երևան։ Տեղյա՞կ եք արդյոք, ինչպես է նրանց առողջական վիճակը։

-Այո, նրանցից մեկի վիճակը լավ է, իսկ մյուսի վիճակը դեռևս շարունակում է միջին ծանրության մնալ։

Զրուցեց՝ Լիդա Եղիազարյանը




Լրահոս