ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.
Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ նախորդ շաբաթվա վերջին գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով համատեղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում, որը տնտեսվարողներին թույլ կտա ընթացիկ տարում օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից՝ շահութահարկի, դրա կանխավճարների և շրջանառության հարկի մասով։
Առաջարկը բնականաբար կապված է COVID-19-ի համաճարակով ու արտակարգ դրությամբ թելադրված իրավիճակի հետ, որտեղ տնտեսվարողներն ունեն և/կամ ունենալու են իրացվելիության լուրջ խնդիր։
Կառավարությանն առաջարկել ենք նախաձեռնությունը ներկայացնել համահեղինակությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության ուժով՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված սուբյեկտներից միայն Կառավարությունը կարող է անհետաձգելի համարել օրենքի նախագիծը, միաժամանակ՝ Կառավարությունն է մշակում և ընդունում հակաճգնաժամային միջոցառումները։
Պատասխանն ստանալուն պես, այն կհրապարակայնացնեմ այստեղ։