Կհանգուցալուծվի Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մայիսի 3-ին անակնկալ այցով Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում էր, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ նրանց հետ քննարկելու իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:

Պետք է ընդգծել, որ նախկին համայնքապետի թողտվությամբ այդ ընտանիքները առանց սեփականության փաստաթղթերի և տարածքը տնօրինելու իրավունքի երկար տարիներ բնակվում են նշված հասցեում:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել համայնքի կողմից նախկին մանկապարտեզի շենքն աճուրդի հանելու եղանակով (համայնքի ավագանին կորոշի նաև աճուրդի մեկնարկային գները) մեր գյուղաբնակ քաղաքացիներին հնարավորություն տալ օրինականացնելու կացարանները՝ հետագայում սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ բացառելու նպատակով:

Ըստ այդմ, շենքի ու հարակից հողամասերի գործառնական նշանակությունը օրենքով սահմանված կարգով կփոխվի և այն կվերագրանցվի որպես 10 ընտանիքի համար նախատեսված՝ բնակելի շինություն կից հողամասերով։
Շենքի շրջակայքում նրանց կտամադրվի նաև հողատարածք, որը կարող են մշակել, զբաղվել այգեգործությամբ ու այսպիսով հոգալ իրենց կարիքները:

Եվ որ ամենակարևորն է, աճուրդից գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ, պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը:

Ի դեպ, մանկապարտեզի՝ նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենքի կառուցման համար արդեն սուբվենցիոն հայտ է ներկայացվել ՀՀ Կառավարություն:

Հիշեցնենք, որ Ակունքի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, իսկ վաղ 80-ականներին կառուցված շենքը կիսալքված վիճակում ծառայել է մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր:

«Մեր բոլոր որոշումներն ու քայլերը ուղղված են բացառապես մեր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի իրացմանը»,- նշել է Կոտայքի մարզպետը:




Լրահոս