Գեղամավան և Հաղարծին համայնքների հողմասերը հարյուրապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականության հողամասերը ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում է հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման գործընթացը: Քրեական վարույթների շրջանակներում հիմնական շեշադրումը կատարվում է համայնքներին հասցված վնասների վերականգնման և վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման վրա:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարզի Գեղամավան համայնքի, ի դեմս համայնքի նախկին ղեկավար Մ.Վ.-ի, և Գեղարքունիքի նախկին մարզպետի վարորդի միջև 2010թ. սեպտեմբերի 3-ին կնքվել է 0,02 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 3.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 24-ին վերջինս կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր՝ 280 անգամ ավելի՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այդ կերպ Գեղամավան համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մեկ այլ դեպքում Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հաղարծին համայնքի ղեկավար Ս. Պ.-ն, 2013թ. ստեղծելով մրցույթային հանձնաժողով և գլխավորելով այն, կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ:

Արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակից անձի հետ 2013թ. հունիսի 27-ին կնքել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,2 հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով տարեկան ընդամենը 4400 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վերջինիս վարձակալության հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, տվյալ անձը արոտավայր հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այդ հողամասից 0.02 հա հատարծքը մոտ 218 անգամ ավելի՝ տարեկան 960.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերություններից մեկին: Արդյունքում Հաղարծին համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ մուրջ 2մլն դրամի վնաս։

Տավուշի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախնական քննությունների արդյունքում Գեղամավան համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 մլն ՀՀ դրամ, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել համայնքի համար ակնհայտ անբարենպաստ և ապօրինի կնքված հիշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ:

Իսկ Հաղարծին համայնքին պատճառված վնասից կամովին վերականգնվել է 1մլն դրամ գումար, ինչպես նաև եկկողմ համաձայնությամբ լուծվել են ապօրինի վարձակալության պայմանագրերը:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայքներին պատճառված ամբողջ վնասը վերականգնելու ուղղությամբ:




Լրահոս