«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննում են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին: Վերջինիս հարազատներից
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե նա ինչպես է ապրիլի 29-ին հայտնվել Գավառի ճանապարհին, ինչպես է կրակոցների հետեւանքով վիրավորվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Դավոյանը գնացել է Գավառի բենզալցակայան, որպեսզի իր Նիվա մակնիշի մեքենան լիցքավորի: Այնտեղ Դավոյանի մեքենան կանգնեցրել են անծանոթ մարդիկ եւ չեն թողել, որ առաջ գնա, ինչից հետո անծանոթ մի տղամարդ, նրա վզից բռնելով, իջեցրել է մեքենայից, ու հնչել են կրակոցները, որի հետեւանքով Դավոյանը ոտքի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ: Ըստ պնդումների՝ Դավոյանը միջադեպի մասնակիցների հետ ոչ մի առնչություն չի ունեցել, ամիսներ առաջ սկսված անչափահասների վիճաբանության հետ եւս առնչություն չի ունեցել:
Ի դեպ, այս գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին մի շատ ուշագրավ միջադեպ էլ հայտնի դարձավ: Պարզվում է՝ երբ նորատուսցիները, ձողերով ու դանակներով զինված, մտել են հիվանդանոց եւ փնտրել վիրավորներին նրանց կոկորդները կտրելու համար, Վարդան Դավոյանը փրկվել է ոչ թե խմբված ոստիկանների, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, այլ իր հարազատ հոր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավոյանի հայրը, տեսնելով, թե սպանվածների հարազատները ինչ են անում հիվանդանոցում պառկած մյուս վիրավորներին, իր որդուն փրկելու համար պառկել է նրա վրա եւ չի թողել, որ դանակի կամ երկաթների հարվածները հասնեն որդուն՝ այդպիսով ինքը` հայրը վնասվածքներ ստանալով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։