ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել: Այս ահազանգով ArmLur.am-ի խմբագրություն են դիմել ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ:
80-90 հազար դրամ ստացող ոստիկանները, ովքեր օգտվել են Կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից (անչափահաս երեխային տրվող 26.500 դրամ աջակցությունից), պատմեցին, որ «Կառավարության աջակցության 9-րդ ծրագրից ստացել ենք ընդամենը 26.500 դրամ աջակցություն, որը հիմա պահանջում են հետ վերադարձնել: Այս դժվարին օրերին, երբ ես այդ գումարով կատարել եմ իմ գազի, լույսի վճարումները, ինչպես հետ վերադարձնեմ»,- մեզ հետ զրույցում դժգոհեց ոստիկանության աշխատակիցը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այն ոստիկանները, որոնք դիմել են գումար ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել, նրանց հորդորել են չստանալ գումարը:
ArmLur.am-ն ահազանգի հետքերով պարզաբանումներ խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:
«Խոսքը կոնկրետ 9-րդ ծրագրի մասին է: Այնտեղ հստակ նշված է, որ ծրագրի շահառու են համարվում 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք: ՀՀ ոստիկանության աշխատակիցները ո՞նց կարող են համարվել չաշխատող: Ծրագիրը ոստիկանությունը չի իրականացնում, գուցե ինչ-որ մեկը այդ ծրագրից օգտվել է, և նրան նման հորդոր է արվել, գուցե նրանց զգուշացվել է, որ կան ծրագրեր, որոնցից կարող են օգտվել պատշաճ կարգով: Եվ ահազանգող ոստիկանները պետք է իմանան, որ կոպիտ խախտում է արվել, քանի որ շահառու հանդիսանում են այն ընտանիքները, որտեղ անչափահասի երկու ծնողները ոչ մի տեղ չեն աշխատում»,-նշեց նա:
Այսքանից հետո տարակուսելի է մնում, թե ծրագիրն ինչպես է հաստատել եւ գումարներ հատկացրել ոստիկանության աշխատակիցներին, որոնք, ըստ էության, այդ ծրագրի շահառուներ չեն: