Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ:

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխուժացնել հայ-ղազախստանյան համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների և միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացման միջոցով:

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը՝ ուղենշելով համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:




Լրահոս