Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, ըստ որի, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Ֆրանսիայում ի հայտ են եկել 2019 թվականի դեկտեմբերին:
«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է նա:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն իրականում գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դա պարզվել է հիմա: Դեկտեմբերի 27-ին բժիշկը բուժել է Փարիզից մի պացիենտի, ով թոքաբորբ է ունեցել: Նա ապաքինվել է և դուրս է գրվել, սակայն բժշկի այս օրերին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել: 50-ամյա տղամարդը չի կասկածել, որ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին: Երկու հոգին վերադարձած են եղել Ուհանից, երրորդ անձը եղել է նրանց ընտանիքի անդամը:
Բժիշկը դիմել է Առողջապահության ազգային գործակալությանը և կոչ է արել մյուս վարակաբաններին վերաճշգրտել ունեցած թեստերը: