ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է կայացրել, որով վարչապետի որոշմամբ չեղարկված Թուրքմենստան այցի համար ձեռք բերված ավիատոմսի գծով առաջացած 375,900 դրամ կրեդիտորական պարտքը կփոխհատուցվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Բանն այն է, որ դեռեւս 2019-ի հուլիսի 30-ին վարչապետը որոշում էր կայացրել Կասպյան առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-14-ը Թուրքմենստան գործուղել պատվիրակություն: Պատվիրակությունը պետք է գլխավորեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գեւորգյանը: Սակայն օգոստոսի 21-ին վարչապետը չեղարկել էր իր որոշումը, որի հետևանքն էլ այս իրավիճակն է ստեղծվել:
Ն.Հ.