Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, և գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։ 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2020-ի հունվար-մարտին տեղային սպառնալիքների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 38%-ը, իսկ այդ սպառնալիքների հետ կապված միջադեպերի քանակը կազմել է 626 հազ. 552։ Նախորդ տարվա նույն ամիսներին տեղային սպառնալիքներով վարակման փորձերի Հայաստանում բախվել է համակարգիչների 41%-ը։ Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։
Փորձագետները համացանցից գրոհներից՝ վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներ ներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։
Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։