Ով կփոխարինի Էրիկ Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվեց Էրիկ Գրիգորյանը: ՇՄՆ մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ ըստ ընթացակարգի՝ նախարարի պաշտոնական լիազորությունները կատարում է առաջին տեղակալը: Խոսքը Վահե Ջիլավյանի մասին է:

Նկատենք, որ Ջիլավյանը փոխնախարար նշանակվել է ապրիլի 21-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ջիլավյանին փոխնախարար նշանակել են՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով: Թեեւ Էրիկ Գրիգորյանի համար անակնկալ է եղել իր հրաժարականը, բայց նա վերջին շրջանում պարբերաբար է մտածել նախարարությունից հեռանալու մասին:

Սա է պատճառը, որ Ջիլավյանի՝ շրջակա միջավայրի փոխնախարար նշանակվելուց 15 օր անց Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Իսկ մինչ այդ՝ 2018-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 21-ը , Ջիլավյանը եղել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնկատարը:

Բայց մյուս կողմից, պարզվում է, որ Ջիլավյանը բավականին հարուստ աշխատանքային փորձ ունի պետական ապարատում: Նա հնաբնակներից է.  աշխատել է նախկին վարչապետերի օրոք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա 1998 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել. 1998 – 1999 թվականներին աշխատել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետ, ապա նշանակվել է նույն նախարարության վարչության պետ, 2009 – 2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ահա 2012-2014 թվականներին աշխատել է որպես սփյուռքի նախարարի տեղակալ, 2017-2018 թվականներին զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ջիլավյանն անգամ եղել է Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի փոխտնօրենի, ապա գործադիր տնօրենի Ժ/Պ:

Ս. Հ.




Լրահոս