«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանի գործը դատարանում է, եւ, ինչպես հայտնի է, քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել։ Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ բան: Եթե Արթուր Թորոսյանը ի սկզբանե առողջական խնդիրներ է ոենեցել, ապա նա ինչպես է կարողացել օրինական ճանապարհով զենք գնել եւ այդ զենքով ներխուժել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն:
Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ փաստաբան Էդուարդ Աղաջանյանից , որը հայտնեց . «Այո այդ հարցը հետաքրքրել է նաեւ վարույթ իրականացնող մարմնին, քանի որ մի կողմից, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, վերջինս տառապել է եւ տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մյուս կողմից, դեպքը կատարվելուց մեկ շաբաթ առաջ վերջինս համապատասխան բուժհիմնարկից տեղեկանք է ստացել, որ ինքը հոգեպես առողջ է, ու այդ տեղեկանքը վերջինիս իրավունք է տվել օրինական կարգով զենք ձեռք բերել: Այս առումով վարույթն իրականացնող մարմինը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել նշված բուժհիմնարկին , թե ինչպես է` այդ հիվանդությունը չի նկատվել բուժհիմնարկի աշխատակիցների կողմից եւ նրան հոգեպես առողջ լինելու մասին տեղեկանք են տրամադրել , ինչի շնորհիվ նա ձեռք է բերել զենք օրինական ճանապարհով» :
Նկատենք` բուժհիմնարկը այդ հարցին չի պատասխանել, եւ այդ հարցի պատասխանը առանձին կքննվի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ , որ վերոնշյալ տեղեկանքը, թե իբր Արթուր Թորոսյանն առողջական խնդիր չունի, տրամադրել է Արտաշատի պոլիկլինիկան : Ստացվում է, որ իրավապահները «Էրեբունի պլազայի» կրակոցների գործով տարբեր դրվագներով քննություն են իրականացնում :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան