ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրուսը հասավ ԱԺ. խորհրդարանում աժիոտաժ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից՝ մայիսի 5-ից մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Չնայած այն հանգամանքին, որ հորդորում էին կորանավիրուսի տարածումից խուսափելու համար կրել բժշկական դիմակներ եւ ձեռնոցներ, բայց խորհրդարանում կարելի էր «գտնել» հազվագյուտ մարդկանց, ովքեր դիմակ էին կրում:

Իսկ այսօր առավոտյան Ազգային ժողովում իսկական աժիոտաժ էր, քանի որ երեկ երեկոյան ԱԺ աշխատակազմը տեղեկացել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, հնարավոր է, կորոնավիրուսով վարակված լինի: Առավոտյան արդեն դահլիճի մուտքերի մոտ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պատգամավորներին բժշկական դիմակ եւ ձեռնոց էին բաժանում ու հորդորում` անպայման կրել այն: Առավոտվանից արդեն ե′ւ պատգամավորները, ե′ւ ԱԺ աշխատակազմը, ե′ւ պատգամավորների օգնականները խորհրդարանում շրջում էին համապատասխան «հանդերձանքով»: Կարելի է ասել, խուճապային տրամադրություն էր տիրում երկրի օրենսդիր մարմնում: Նշենք, որ իմքայլական պատգամավորն արդեն հայտարարել է, որ ինքը մեկուսացած է:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս ընթացքում ԱԺ պատգամավորի օգնականը ո՞ւմ հետ է շփումներ ունեցել, արդյոք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ընթացքում պահպանվե՞լ են կանոնները՝ սոցիալական հեռավորություն եւ այլն, դեռ պարզ չէ: Միայն նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է հայրենի պատգամավորներին խումբ-խումբ թեստավորումներ անելու հարցը:

Հիշեցնենք, որ պատգամավորներին թեստավորելու մի անհաջող փորձ արվել էր: Եւ վերջին պահին ԱԺ աշխատակազմը հրաժարվեց ռապիդ թեստեր հանձնել տալ պատգամավորներին, քանի որ դրանք անճշտություններ շատ են գրանցում: Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե տեղյակ չէ, որ պատգամավորներին ցանկանում են թեստավորել: Ստացվում է՝ պետք է վարակի դեպք գրանցվեր խորհրդարանում, որպեսզի թեստավորման խնդիրը լուծվի:

Վերջում հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն հաստատել է՝ պատգամավորի օգնականը կորոնավիրուսով վարակված է ու հորդորել է խստիվ պահպանել կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս