Ինչ փոփոխություններ են կատարվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը` հարակից օրենքներով: Հաշվի առնելով կատարված լայնածավալ փոփոխություններն ու լրացումները` այն շարադրվել է նոր խմբագրությամբ:

Նշենք, որ սույն օրենքը բժշկական օգնության և սպասարկման իրավական հարաբերությունները կարգավորող մայր օրենքն է:

Այսպիսով`

1) սահմանվել են անձնական տվյալների, մասնավորապես բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ ապահովելու, քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները,

2) ամրագրվել են պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ` ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը,

3) սահմանվել են իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար,

4) օրենսդրորեն կանոնակարգվել են լայնածավալ արտակարգ իրավիճակների կա’մ ռազմական, կա’մ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները,

5) ճշգրտվել է բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացվել օրենսդրական բացերը, սահմանվել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը,

6) օրենսդրորեն կարգավորվել են բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծվել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր,

7) բարելավվել են բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումն իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ, սահմանվել է մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումներ քննող էթիկայի հանձնաժողով,

8) սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հեռաբժշկությունը, լիազորող նորմեր են ամրագրվել դրա իրականացման կարգը սահմանելու համար,

9) սահմանվել են լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթը, համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, որակի կառավարման համակարգի պահանջը և հիմնական հասկացությունները:




Լրահոս