Սխալի պատճառով տուժվում են հասարակ քաղաքացիները. ինչու ծրագիրը նորմալ չի աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է, ինչ ՀՀ ոստիկանությունը եւ պաշտպանության նախարարությունը պահանջում են հետ վերադարձնել ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 26.500 դրամի չափով հակաճգնաժամային օգնությունը:

Գերատեսչությունների այս պահանջը խիստ զայրացրել է այն քաղաքացիներին, որոնց առցանց ներկայացրած հայտերը ծրագրից օգտվելու համար, բավարարվել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ քիչ առաջ խորհրդարանում կառավարության 9-րդ ծրագրին դիմած անձանց բարձրացրած խնդրով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը դիմեց ՀՀ վարչապետին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ գումարները պետք վերադարձվեն, որովհետեւ այդ գումարները նախատեսված են, ինչպես բազմիցս ասել ենք, բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար: Ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են, եւ դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում: Դա սողանցք է դարձել եւ շատ ցավալի փաստ է, որ մենք սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղության համար: Այդ գումարները պետք է վերադարձվեն: Եւ ավելին, պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել»:

Բայց արի ու տես, որ այս հում ծրագրի պատճառով տուժում են շարքային քաղաքացիները: Չէ որ մարդիկ հայտ են ներկայացրել, դիմումը տեղում բավարարվել է, բայց հիմա կառավարությունը պահանջում է հետ վերադարձնել այն՝ «մինչեւ վերջին կոպեկը»: Արդեն երկու օր է՝ քաղաքացիները դժգոհում են, բայց դեռ նոր պետք է ծառայողական քննություն իրականացվի: Մյուս կողմից, ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս «սխալի» պատճառով որոշ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը: Սպասենք տեսնենք: Հուսանք՝  կգտնվեն ստեղծված իրավիճակի իրական մեղավորները:

Իսկ մինչ այդ՝ ArmLur.am-ը այս թեմայի շուրջ դիմեց կառավարություն եւ հետաքրքրվեց՝ կան արդյոք պատժվողներ նման թերի, անփույթ աշխատանքի համար: Կառավարությունից ի պատասխան մեր հարցին փոխանցեցին. «Օգտվողները համապատասխան կառույցների ներկայացուցիչներ են, պետք է դիմեք իրենց աշխատակազմեր: Կառավարությունն է այդ ծրագիրը ներդրել, սակայն օգտվողները համապատասխան կառույցների աշխատողներն են: Այդ էլեկտրոնային համակարգը հավանաբար խնդիրներ է ունեցել, ու հիմա պարզվել է, որ խնդիր է եղել: Այդ խնդրի կարգավորմամբ զբաղվում են համապատասխան գերատեսչությունների աշխատակազմերը»:

Իսկ ահա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին հետեւյալը.

«Ծրագրի պատասխանատուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Ծրագիրը ի սկզբանե նախատեսված է բացառապես գործազուրկ մարդկանց համար: Աշխատողները, ովքեր շրջանցել են կառավարության որոշումը և աջակցություն ստացել ծրագրի շրջանակներում, տեղեկացված են եղել դրա մասին: Հետ վերադարձի պահանջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ մեկին չի ներկայացրել, այդ հարցով յուրաքանչյուրը պետք է դիմի այն մարմնին, որը նման պահանջ է ներկայացրել»:

Ս.Հ.




Լրահոս