ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծնողներն ահազանգում են՝ երեխա պահող չունեն. ինչ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ վերացվեցին, եւ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տանն էին, հնարավորություն ունեցան աշխատանքի գնալ: Սակայն կառավարությունը մի կողմից որոշեց կարանտինը մեղմացնել, մյուս կողմից՝ անհարմար դրության մեջ գցեց այն երիտասարդ ընտանիքներին, որոնք ունեն դպրոցահասակ եւ մանկահասակ երեխաներ: Իսկ մանկապարտեզներն ու դպրոցները շարունակելու են փակ մնալ: Այժմ երիտասարդ ծնողները չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ երեխա պահող չունեն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս խնդրի շուրջ բազմաթիվ ծնողները ահազանգել են կառավարություն եւ հայտնել, որ չեն կարող աշխատանքի գնալ, քանի որ չունեն երեխա պահող եւ պահանջել են այս հարցին լուծում տալ՝ բացել մանկապարտեզները: Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարությունից հանձնարարվել է Երեւանի քաղաքապետարանին՝ ցուցակագրել մանկապարտեզների այն սաների ծնողներին, որոնք աշխատում են եւ երեխա պահող չունեն:

Armlur.am-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ մանկապարտեզներում ցուցակագրման ներքին գործընթաց է ընթանում՝ պարզելու, թե որ երեխայի ծնողն է աշխատում, որինը՝ ոչ: Սա է պատճառը, որ երկու օր է՝ մանկապարտեզներից զանգահարում են սաների ծնողներին եւ հետաքրքրվում՝ աշխատում են, թե ոչ:

Արդյունքում ծնողներ են եղել, որոնք հրաժարվել են երեխային ուղարկել մանկապարտեզ՝ կորոնավիրուսով վարակվելուց վախենալով, բայց միաժամանակ ծնողներ են եղել, որոնք համաձայնվել են մանկապարտեզ ուղարկել: Չի բացառվում, որ առաջիկայում մեկ-երկու մանկապարտեզ բացվի աշխատող ծնողների երեխաների համար:

ArmLur.am-ը երեկ կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ, որտեղից խոստացան զանգահարել և պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ հեռախոսազանգ չստացանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս